ԱՆ ներկայացրել է, թե ինչպես են իրականացնում կորոնավիրուսով վարակված ասիմպտոմ անձանց հսկողությունը

Armenpress 16:30, 29 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության նախարարությունը տեսանյութով ներկայացրել է, թե ինչպես են տեղամասային պոլիկլինիկաների միջոցով իրականացնում թեթև կամ առանց ախտանշանների կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հսկողությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տեսանյութում ներկայացվել է ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի փորձը:

ՀՀ ԱՆ արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Քնարիկ Ղոնյանը նշել է , որ դա Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկն է, որ առանց ախտանիշ և թեթև դեպքերի բուժումը կարող է իրականացվել տնային պայմաններում։ «Մայիսի 21-ից այդ գործընթացը կազմակերպվում է»,- ասել է Ղոնյանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Ջումայանը նշել է, որ կորոնավիրուսով վարակված պացիենտների հսկողությունն իրականացվում է հեռախոսանզանգի միջոցով և հսկվում է բժշկի կողմից։

«Գանգատների առկայության դեպքում բուժանձնակազմի կողմից մեր շտապօգնության մեքենայով պացիենտները բերվում են պոլիկլինիկա։ Նրանք մտնում են պոլիկլինիկա առանձին մուտքով միանգամից մեկուսարան, անցնելով համապատասխան բուժզննումը և լաբորատոր գործիքային հետազոտությունը, կայացվում է որոշում կամ շարունակել բուժումը տանը, կամ կազմակերպել հոսպիտալացումը բժշկական կենտրոնում»,- նշել է Ջումայանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նոր հրամանի համաձայն՝ հաստատվել է  արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը։

Կարեն Խաչատրյան


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am