Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում․ դատարանը բավարարել է հայցադիմումը

Armenpress 15:52, 29 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչական դատարանը բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, ըստ որի՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի պաշտպանական թիմը։

Դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի մայիսի 26-ին կրկին հետաձգել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը՝ կապված 2008թ․ մարտի 1-2-ի դեպքերի հետ։

Դատավորը ստացել էր «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ նիստին։

Բացի այդ, 2008 թվականին ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը։ Նա և իր ամուսինը՝ Կարեն Մեժլումյանը, չեն կարող ներկայանալ դատական նիստին։

2008-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը իր հերթին միջնորդել էր հետաձգել դատական նիստերը՝ հաշվի առնելով երկրում առկա համաճարակային իրավիճակը։ Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 9-ին, ժամը 13:00-ին։

Կարեն Խաչատրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am