Կորոնավիրուսի վարակի ամենամեծ օջախը Երևանն է. Փաշինյանը իրավիճակն առավել քան լուրջ է համարում

Armenpress 18:57, 28 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի վարակի ամենամեծ օջախը Երևանն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 28-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր վարակի ամենամեծ օջախը Երևանն է: Վարակի պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են՝ աշխատանքի վայրում, տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում: Այս իրավիճակից, մենք շարունակում ենք համոզված մնալ, որ ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է՝ դիմակի համատարած ու ամենուրեք կրումը, ձեռքերի պարբերաբար ախտահանումը, պետք է բացառել որևէ առևտրային կետում առք ու վաճառքի գործարք, երբ երկու կողմերը դիմակով չեն, սոցիալական հեռավարությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հորդորեց դադարեցնել դիմակ կրելու շուրջ տեղի ունեցող բոլոր շահարկումներն ու ապատեղեկատվության տարածումը կորոնավիրուսի հետ կապված, նշելով, որ իրավիճակն առավել քան լուրջ է ու գնալով առավել լրջանում է:

Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 54 931 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 113 դեպք:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am