ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատունը ողջունել է Երևանում Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու որոշումը

Armenpress 17:21, 27 Մայիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ողջունել է Երևանի ավագանու վերջերս կայացրած որոշումը` Երևանում Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Հնդկաստանի դեսպանատան հայտարարությունը․

«ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատունը մեծ ուրախությամբ ողջունում է Երևանի ավագանու վերջերս կայացրած որոշումը` Երևան քաղաքում տեղադրել Հնդկաստանի կողմից նվիրած Մահաթմա Գանդիի արձանը: Սա հարգանքի տուրք կլինի աշխարհի մեծ առաջնորդին՝ Գանդիի 150-ամյակի տոնակատարության կապակցությամբ, որը նշվում է աշխարհով մեկ: Սա նաև կլինի Հնդկաստանի և Հայաստանի դարավոր պատմական և բարեկամական հարաբերությունների խորհրդանիշ:

Հարկ է նշել, որ Հնդկաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն ունեն դարավոր արմատներ, որոնք սկիզբ են առնում մ.թ.ա. 149-ին: Միջնադարյան Հնդկաստանում աշխույժ և բարգավաճ հայ համայնք կար: Հնդկաստանում առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 1562 թվականին, և մինչ օրս մենք հպարտորեն պահպանում ենք Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը և ճարտարապետությունը Կալկաթայում, Չեննայում, Մումբայում, Լաքնաուում և Սուրատ քաղաքներում: Հնդկական հողում պահպանվում են ոչ միայն եկեղեցիները և այլ հուշարձաններ, այլև հայկական գերեզմանատները: Բարեկամության այս խորհրդանիշը անձեռնմխելի մնաց նաև Առաջին աշխարհամարտի անհանգիստ ժամանակներում:

Ներկայումս մեր հարաբերություններն ամրապնդվել և խորացել են: Հնդկաստանը առաջին երկրներից էր, որը ճանաչեց անկախ Հայաստանը: Մեր երկկողմ հարաբերություններն այսօրվա աշխարհում գերազանց են, որը ներառում է ոչ միայն մեր մշակութային կապերը, այլև ընդգրկում է քաղաքական, տնտեսական, առևտրային, հումանիտար, անվտանգության և այլ ասպեկտներ:

Հնդկաստանը նաև հպարտորեն մասնակցել է Հայաստանի տեխնոլոգիական առաջխաղացմանը իր եզակի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի շնորհիվ, որտեղ վերապատրաստվել են Հայաստանի ՏՏ ընդհանուր ռեսուրսների ավելի քան մեկ երրորդը, և ինչը ՀՀ տնտեսության և ՍՍ արտահանման բազայի կարևորագույն ուժն է:

Հնդկաստանը և Հայաստանը ունեն զարգացման ամուր գործընկերություն, որը նպաստում է փորձի, գիտելիքների և կարողությունների զարգացման փոխանակմանը Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության և այլ կրթաթոշակային ծրագրերի միջոցով:

Այս համատեքստում Հնդկաստանի դեսպանատունը խորին շնորհակալություն է հայտնում ՀՀ կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ՝ Երևանում Մահաթմա Գանդիի արձանի տեղադրման որոշման ընդունման համար: Դա հարգանքի տուրք է ամբողջ մարդկությանը պատկանող Մահաթմա Գանդիին: ՄԱԿ-ը հռչակել է Մահաթմա Գանդիի ծննդյան օրը ՝ հոկտեմբերի 2-ը, որպես ոչ-բռնության միջազգային օր:

Մենք մեծապես հուսով ենք, որ Երևանում Մահաթմա Գանդիի արձանը երիտասարդ սերնդին կոգեշնչի Մահաթմա Գանդիի ուսմունքի, սկզբունքների և արդիության վերաբերյալ և կնպաստի խաղաղության և ոչ բռնության գործին»:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am