Պապիկյանը վստահեցնում է՝ պետությունն ամեն ինչ կանի կապիտալ շինարարության պատշաճ իրականացման համար

Armenpress 17:00, 27 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունն ամեն ինչ անելու է, որ կապիտալ շինարարությունը հավուր պատշաճի և նորմալ ժամկետներում իրականացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին:

Պատգամավորի կարծիքով՝ կապիտալ ծախսերի իրականացումը հապաղում է, գնման գործընթացներիի ուշանում են: «Ինչպե՞ս ենք պատրաստվում ապահովել կապիտալ ծախսերի իրականացումն ամբողջ ծավալով: Եթե կապիտալ ծախսերն այս տարի չիրականացվեն, արդյոք դա կդիտարկեք կառավարության ամենամեծ ձախողումներից մեկը՝ հակաճգնաժամային միջոցառումների համատեքստում»,-հարցրեց Խաչատրյանը:

Պապիկյանն արձագանքեց՝ պետական միջոցներով իրականացվող կապիտալ շինարարության մի զգալի հատվածը հիմնականում բաժին է ընկնում ճանապարհաշինությանը: «Այս փուլում 90 տոկոսով ավարտված են բոլոր մրցույթները, ունենք բոլոր ուղղություններով հաղթողներ, մասնակիցները կան: Եվ խոսել մայիս ամսվա ձախողման մասին և հարց հնչեցնել, թե արդյոք դա կհամարենք ձախողում, կասեմ՝ ոչ, մենք չենք պատրաստվում ձախողել: Ավելին՝ ամեն գնով մեր կողմից շարունակվելու է ամեն ինչ արվել, քաջալերվել, որ կապիտալ շինարարությունն իրականացվի հավուր պատշաճի և ժամկետներում»,-ասաց Պապիկյանը:

Պապիկյանը հիշեցրեց, որ կառավարությունը մայիսի 27-ի նիստում երկու կարևոր որոշում է ընդունել, որոնք փոքրացնում են այն ռիսկերը, որ կապիտալ շինարարությունը Հայաստանում կարող է ձախողվել կամ ընթացքը դանդաղեցնել:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am