Մեկնարկում է Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի երկրորդ փուլը

Armenpress 15:09, 27 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի երկրորդ փուլը՝ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության՝ մայիսի 27-ի նիստում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախատեսվում է 2 մլրդ 169 մլն դրամն ուղղել Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավիթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցի լուծմանը:

«2019-ին, առաջին փուլում 1,5 մլրդ դրամ հատկացվել է 112 ընտանիքի բնակարանային հարցը լուծելու համար, իսկ այս փուլում խոսքը 185 ընտանիքների մասին է»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքան գումար են տալիս ամեն ընտանիքի: Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ դա կախված է ընտանիքի մեծությունից ու այլ չափանիշներից: Ամեն դեպքում դա բավարար է Երևանի տարբեր հատվածներում բնակարան գնելու համար:

«Իհարկե, կենտրոնում չեն գնի, բայց այլ վարչական շրջաններում կկարողանան գնել»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Պապիկյանի խոսքով՝ որոշումն այնքանով է աննախադեպ, որ նախկինում Երևան քաղաքի համար նման որոշում չի եղել, այս մարդիկ 1988-ից կամ 1990-ից բնակվում են ժամանակավոր կացարաններում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am