Դատական համակարգը չծանրաբեռնելու նպատակով օրենքում փոփոխություններ կիրականացվեն

Armenpress 13:23, 27 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծին։ Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց՝ նախագծով սահմանվում է, որ անկախ բողոքի առկայությունից շինարարությունը ավտոմատ չի կասեցվում, այլ կասեցվում է համապատասխան հիմքերի առկայության դեպքում։

«Մեր ռազմավարական ուղղություններից է օրենսդրությամբ մաքրել բոլոր այն հնարավոր միջանցքները, որոնք հնարավորություն են տալիս որոշակի իրավունքի չարաշահման դեպքերով ծանրաբեռնել դատական համակարգը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Գրիգորյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս նախագիծը երկար ու տխուր պատմություն ունի։ «Հայաստանում պրակտիկա կա, երբ մարդկանց սահմանափակելու հայտնի մեխանիզմները դադարել են գործել, ու հարյուրավոր դեպքեր ունենք, երբ ընթացող շինարարությունների վերաբերյալ ուղղակի ինչ֊որ մեկը, ընդհուպ անցորդ, շատ չափազանցրի հա՞, ուղղակի վարչական դատարան է դիմում ու այդ փաստի բերումով շինարարությունը կասեցվում է: Այս պահի դրությամբ մոտավորապես 450 միլիոն դոլարի կանգնած շինարարություն ունենք», - ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ այժմ էլ դատարանը հնարավորություն ունի շինարարությունը կասեցնելու, բայց ոչ թե ինքնաբերաբար, այլ ամեն առանձին դեպքով միջնորդություն ներկայացնեն ու եթե դա հիմնավոր է, տեղի է ունենում կասեցման որոշում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am