Միջմարզային ճանապարհներին տեղակայվել են Ոստիկանության անցակետեր

Armenpress 12:28, 27 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտում կորոնավիրուսի կանխարգելման սահմանված կանոնների խախտման կապակցությամբ կազմվել է 657 արձանագրություն, որից 594-ը՝ տաքսի ավտոմեքենաների վարորդների նկատմամբ: Այդ մասին կառավարության նիստում նշեց Ոստիկանության պետ Արման Սարգսյանը: 

«Երեկ արդեն 69 մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ են կազմվել արձանագրություններ, որոնցում եղել են ընտանիքի անդամներ կամ այլ քաղաքացիներ: Ի կատարումն պարետատան կողմից երեկ տրված հանձնարարականի՝ այսօր արդեն հանրապետության միջմարզային ճանապարհներին տեղակայվել են համապատասխան քանակով անցակետեր, որտեղ նույնպես կստուգվի կանոնների պահպանման պատշաճ մակարդակի ապահովումը և դրան համարժեք կտրվի իրավական գնահատական»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց ոստիկանապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այդ անցակետերի նպատակն է համոզվել, որ ոչ մի մեքենայի ուղևոր չի երթևեկում առանց դիմակի: Այն մեքենաները, որոնց ուղևորները կերթևեկեն առանց դիմակի, անկախ նրանից նույն ընտանիքի անդամ են, թե ոչ, կենթարկվեն վարչական պատասխանատվության:

«Ես ակնկալում եմ, որ մեր միջոցառումներն ավելի խստացվեն և լրջանան: Եվ ամեն օր այս թեմայի լրջությունը պետք է երևա մեր փողոցներում ու բնակավայրերում», ասաց վարչապետը: Ըստ նրա՝ Երևանում և տարբեր բնակավայրերում կիրականացվեն ամենօրյա ռեյդեր, որպեսզի համապատասխան գերատեսչությունները հասկանան, թե որքանով են պահպանվում սահմանված կանոնները»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am