ՊՆ-ում ստեղծվում է Բանակի կենտրոնական մարզական ակումբ 

Armenpress 12:11, 27 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ ստեղծվում է ՀՀ ՊՆ «Բանակի կենտրոնական մարզական ակումբ» պետական հիմնարկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ մարզական ակումբի գործունեության նպատակն է՝ ՀՀ զինված ուժերում սպորտի զարգացումը, նախարարության մարզական հավաքական թիմերի կազմավորումը և դրանցով ՀՀ զինված ուժերը հանրապետական և միջազգային առաջնություններում ներկայացումը, զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց ներգրավումը զինված ուժերի մարզական կյանքին եւ պարասպորտի զարգացումը, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության շրջանում զինվորական ծառայության գրավչության մասսայականացումը:

Այս ակումբի միջոցով հնավոր կլինի ապահովել ՊՆ հավաքական թիմերի մարզումն ու մանկապատանեկան թիմերի ձեւավորումը, ռազմակիրառական մարզաձեւերի զարգացումը, կազմակերպել զինծառայողների ու պաշտպանության նախարարության քաղաքացիական անձնակազմի, նրանց ընտանիքների անդամների ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am