Պատգամավորը կառավարությանն առաջարկում է աջակցության որևէ ծրագրում ներառել դեռ անգործ քաղաքացիներին

Armenpress 19:07, 26 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը կառավարությանն առաջարկում է վերանայել աջակցության ծրագրերից որևէ մեկը և դրանում ընգրկել որոշակի ծառայություններ մատուցող անձանց, որոնք այս պահին՝ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված, դեռ աշխատելու հնարավորություն չունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն այս մասին ասաց ԱԺ-ում հայտարարությունների ժամին:

«Չեն անցկացվում խնջույքներ, հարսանիքներ, մասշտաբային միջոցառումներ, չեն աշխատում նաև դրանց հետ կապված ծառայությունների այլ ոլորտները, օրինակ հարսանեկան սրահները, ավտոմեքենաների վարձույթները, հարսանեկան պատվերների կատարման վայրերը: Եվ այս քաղաքացիները մնում են առաանց օգնության: Իհարկե, կան քաղաքացիներ, որոնք ստանում են դրամական օգնություն, սակայն կան քաղաքացիներ, որոնք 3 ամսվա ընթացքում ստացել են 29 հազար 800 դրամ օգնություն»,-ասաց Սիմոնյանը:

Նա նշեց՝ նրանք չեն կարողացել օգտվել այլ աջակցություններից, քանի որ գրանցված չեն եղել: Իսկ գրանցված չեն եղել այն պատճառով, քանի որ սպասարկում են արել խնջույքից խնջույք՝ ստանալով թեյավճարներ, այսինքն՝ ոչ ֆիքսված վարձավճար: Պատգամավորը սակայն նկատեց՝ միանշանակ պետք է չէ թույլատրել խնջույքների, հարսանիքների անցկացումը: Նա հորդորեց վերանայել կառավարության աջակցության ծրագրերից որևիցե մեկը, որը թույլ կտա ներառել նաև այդ խմբի քաղաքացիներին՝ որոշակի փաստաթղթերի հիման վրա կամ առանց փաստաթղթերի:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am