Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահին երկրի ազգային տոնի առթիվ

Armenpress 16:15, 26 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի ազգային տոնի՝ Վրաստանի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Պատմական ու մշակութային սերտ շփումների և համագործակցության արդյունքում ձևավորված հայ և վրացի ժողովուրդների բարեկամությունն ու փոխվստահությունը դարերի ընթացքում ապացուցել են իրենց կենսունակությունը՝ հաջողությամբ հաղթահարելով բոլոր փորձությունները և հիմք դառնալով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների ձևավորման ու զարգացման համար:

Հատկապես այսօր՝ նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս բարդ ժամանակաշրջանում առավել պարզորոշ է զգացվում մեր հարևան և բարեկամ երկրի հետ սերտ փոխգործակցության կարևորությունը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել մարդկության առջև ծառացած այս ծանր փորձությունը ևս»:

Նախագահ Սարգսյանը Սալոմե Զուրաբիշվիլիին մաղթել է հաջողություն և քաջառողջություն, իսկ բարեկամ վրացի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am