ԱՀԿ-ն դադարեցնում է կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի փորձարկումը

Armenpress 11:09, 26 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի փորձարկումը դադարեցվել է: Նրա խոսքով, նման որոշում ընդունվել է «Լանցետ» բժշկական ամսագրում վերջերս կատարված հետազոտության մասին հրապարակումից հետո:

Թեդրոս Հեբրեյեսուսը պատմել է, որ աշխարհի տարբեր երկրների բուժհաստատություններում փորձարկումը դադարեցվել է: Թեպետ որոշ քաղաքական գործիչներ (այդ թվում` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) աջակցում էին վարակից բուժման, ինչպես նաև կանխարգելման համար հիդրօքսիքլորոքինի կիրառմանը: Ավելին, նախորդ շաբաթ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կանխարգելման համար կիրառում է այդ դեղամիջոցը, իսկ օրեր անց հայտարարեց, որ դադարեցրել է:

 Բրազիլիայի նախագահը նույնպես կողմ էր արտահայտվում հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի կիրառմանը: «Լանցետ» ամսագրի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ երկու դեղամիջոցները կարող են առաջացնել լուրջ կողմնակի բարդություններ՝ ներառյալ սրտի առիթմիան: Նշվում է, որ այդ դեղամիջոցներից և ոչ մեկը չի օգնել COVID-19-ով հոսպիտալացված պացիետներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am