Չեղարկված պայմանագրերից  մինչև նոր ներդրումներ. գինեգործությունն ինչպես կհաղթահարի կորոնավիրուսը

Armenpress 09:32, 26 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսը ինչպես շատ այլ ոլորտների, այնպես էլ գինեգործության կողքով անտարբեր չի անցել. արդյունքում նվազել է ներքին սպառումը, արտահանման ճյուղում որոշ պայմանագրեր չեղարկվել են,  ռուսաստանյան ներկրողներն ակնկալում են գնի նվազեցում: Այս դժվարին իրավիճակում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը գործընկերների հետ աշխատանքներ է տանում տարբեր ուղղություններով. հայկական գինին էլ ավելի ներկայանալի կդառնա օնլայն հարթակում, արտերկրում արդեն իսկ ձեռք բերված վստահությունը, կապերը  կօգնեն արտասահմանյան շուկայում ավելի շատ գովազդել հայկական գինին, ոլորտի ներդրումները շարունակվում են, հիմնվում են նոր այգիներ: «Արմենպրես»-ը ոլորտի մարտահրավերների, կատարված և նախատեսվող աշխատանքների մասին խոսել է հիմնադրամի ղեկավար  Զարուհի Մուրադյանի հետ: 

Գինեգործությունը՝ մինչև կորոնավիրուսը. ներքին սպառում, արտահանում

«Ոլորտը մինչև կորոնավիրուսային  հիվանդության համաճարակային իրավիճակը բավականին ակտիվ զարգանում էր. Կատարվում էին ներդրումներ, հիմնվում էին նոր այգիներ, նոր ընկերություններ էին գրանցվում, գործող ընկերություններն էլ բավականին ակտիվ աշխատում էին՝ ավելացնելով արտադրության ծավալները»,-ասաց Մուրադյանը: 

Ներկայում Հայաստանում կա 67 գինեգործական ընկերություն: «2018-ին գրանցվել է 53 ընկերություն, որոնց մի մասն արդեն ունի արտադրանք շուկայում, մյուսները դեռ պատրաստվում են կատարել իրենց առաջին քայլերը գինեգործության  մեջ»,-ասաց Մուրադյանը:

Գինի պատրաստելիս հայկական ընկերությունները շեշտադրումը դնում են հենց տեղական հայկական էնդեմիկ սորտերի վրա: «Մեր հաջողության այցեքարտը, հիմնականում, հայկական սորտերն են, մեր գինիները հետաքրքիր են շնորհիվ հենց տեղածին խաղողի սորտերի: Կան ընկերություններ, որոնք հիմնել են այգիներ նաև խաղողի միջազգային սորտերով, բայց փորձը ցույց է տալիս, որ բավականին մեծ պահանջարկ են վայելում հենց տեղական սորտերով պատրաստված գինիները»,-ասաց Մուրադյանը:

Հիմնադրամը տարբեր ծրագրերի միջոցով փորձում է բարձրացնել հայկական գինու վարկանիշը, ճանաչելիությունը: Ակտիվ աշխատում են նաև արտահանման նոր շուկաների զարգացման և նվաճման ուղղությամբ: Հայկական գինին անցյալ տարի մուտք է գործել երեք նոր շուկա՝ Կորեա, Վիետնամ, Ճապոնիա:

Արտահանման ծավալների առումով հայկական գինու համար առաջին տեղում Ռուսաստանն է (ընդհանուր արտահանման ծավալի 75 տոկոսը), երկրորդը՝ ԱՄՆ-ը (ընդհանուր արտահանման ծավալի 5,2 տոկոսը), երրորդը՝ Չինաստանը (ընդհանուր արտահանման ծավալի 2.7 տոկոսը): Հիմնադրամի ղեկավարը նշեց՝ 2 տարի ակտիվորեն զարգացնելուց հետո կարող են փաստել, որ Լեհաստանում հայկական գինիները սկսել են գրանցել հաջողություն՝ ավելացնելով իրացման ծավալները: Այսպիսով Լեհաստանը հայկական գինու արտահանման 4-րդ երկիրն է։ Այնուհետև արտահանման ծավալով հաջորդում է Լիտվան: Եվրոպայում ավելի մեծ հետաքրքրություն են վայելում հայկական կարմիր գինիները: 

Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 12 մլն 400 հազար լիտր գինի: Դրա մոտ 30 տոկոսն արտահանվում է, 60 տոկսը սպառվում տեղական շուկայում, իսկ 10 տոկոսը հիմնականում մառաններում է լինում հնեցման համար կամ ուղղակի չի վաճառվում: Հիմնադրամն իր գործընկերների հետ շատ ակտիվ աշխատում է  նաև ներքին շուկայում, փորձում տարբեր միջոցառումների միջոցով տարածել գինու սպառման մշակույթը: «Համաճարակը զարմանալիորեն դուրս բերեց ոլորտն այսպես ասած «հարմարավետության գոտուց» և ընդգծեց ոլորտի հետագա զարգացման ուղղությունները։ Օրինակ՝ շատ արագ պարզ դարձավ, որ հայակական իրականությունում մարդիկ գինի հիմնականում խմում են որպես ժամանցի ձև, երբ այցելում են ռեստորաններ, բարեր։ Ցավոք, դեռ կենցաղ չի մտել այն ծավալով, որքանով, որ մենք կցանկանայինք: Այնուամենայնիվ, եթե 2014 թվականին մեկ շնչի հաշվով սպառվում էր ընդամենը 1,2 լիտր գինի, ապա 2019-ին այն դարձել էր 3,6 լիտր, ինչը պարզ դարձավ մեր վերջին հետազոտության արդյունքում»,-ասաց նա:

Ներդրումներ, նոր ընկերություններ

Մուրադյանը վստահեցրեց՝ ոլորտում իրականացվող ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունքում զգալիորեն բարձրացել է գինեգործության բնագավառի ներդրումային գրավչությունը։ Հայրենադարձ հայերը խոշոր ներդրումներ են կատարում: Միայն 2018-2019թթ. ընթացքում խաղողագործության և գինեգործության մեջ արվել են ավելի քան 20 մլն դոլարի ներդրումներ: Ներդրումներն ուղղված են եղել նաև երկրի ամենահին գինեգործարաններում Խորհրդային միության տարիներից մնացած սարքավորումները և գինու պահամանները նորագույն սարքավորումներով փոխարինելուն:

«Անցյալ տարի ունեցել ենք ներդրողներ՝ Շվեյցարիայից, Միացյալ Նահանգներից, որոնք ցանկանում են Վայոց ձորում հիմնել այգի: Լինում են նաև օտարերկրացի ներդրողներ, սակայն ավելի շատ արտերկրից վերադարձած մեր հայրենակիցներն են հետաքրքրվում գինեգործությամբ»,-ասաց Մուրադյանը:

Հիմնադրամը նախորդ տարի Վայոց ձորում հողերի մոնիտոինգ է իրականացրել: «Մեզ համար հետաքրքիր էին այն համայնքային հողերը, որոնք երբևիցե չեն դիտարկվել որպես խաղագործական նշանակություն ունեցող հողեր: Մենք մոտավորապես 1000 հա հող ենք ուսումնասիրել և 77 կտոր, մոտավորապես 500 հա մակերեսով հողակտորներ ենք գտել, որոնք բավականին մեծ ներուժ ունեն խաղողագործության համար: Այդ ծրագրից հետո գրեթե 15 ներդրողի հետ աշխատում ենք։ Հիմա էլ պարբերաբար այցելում ենք տարածաշրջաններ, ներդրողներին ծանոթացնում ենք մոնիտորինգի արդյունքում վերհանված հողակտորների հետ, մի մասի հետ բանակցային փուլում ենք, ոմանք էլ արդեն ձեռքբերման գործընթացին են հասել: Հիմնականում օգտվում են պետական աջակցության ծրագրերից՝ օրինակ ինտենսիվ այգիների հիմնման»,-ասաց նա ու նկատեց՝ վերջերս շատ ակտիվ գինեգործությունը զարգանում է նաև Տավուշում: 

Սպիտակ գինու արտադրության համար տարածաշրջանը շատ հետաքրքիր է: Հիմնադրամը Տավուշում դեռ հողերի մոնիտորինգ չի արել, սակայն կան մարդիկ, որոնք արդեն հողակտորներ են ձեռք բերել: Հիմնադրամը նրանց խորհրդատվություն է մատուցում, թե ինչ սորտեր կարելի է տնկել:

Գինեգործությունը՝ կորոնավիրուսի օրերին.  կրած վնասները, տարվող աշխատանքները

Կորոնավիրուսի տարածման հենց առաջին ամսում հիմնադրամը կապ է հաստատել գրեթե բոլոր գինեգործական ընկերությունների հետ հասկանալու՝ ինչ խնդիրների առաջ կարող է հայտնվել ոլորտը։ «Ընկերությունների մի մասն ըստ պայմանագրի շարունակում էին արտահանումները, թեև ունեին մտավախություններ, որ եթե վաճառքներն ընկնեն, ապա արտահանման երկրորդ խումբը չի գնա: Որոշ արտադրողներ Ռուսաստանում ունեցան խնդիր, ռուբլու տատանումների հետ կապված, առաջարկել էին իջեցնել արժեքները, ինչը մեր գինեգործական ընկերությունների համար ձեռնտու չէր: Չնայած բոլոր խնդիրներին՝ առաջին խումբը մարտ-ապրիլին ամբողջությամբ գնացել է: Երկրորդ փուլի հետ կապված շարունակվում են բանակցությունները, որպեսզի ավելի ցածր գնով ուղարկեն: Առավել ճկուն, հիմնականում խոշոր գինեգործական ընկերությունները, կարողանում են գինը իջեցնել և խուսափել արտահանման հետ կապված խնդիրներից»,-ասաց հիմնադրամի ղեկավարը:

Եվրոպայում որոշ ներկրողներ կասեցրել են պայմանագրերը: Նա նշեց՝ Եվրոպա արտահանվում են հիմնականում բուտիկային՝ քիչ քանակով, բարձրորակ և բարձրարժեք գինիներ, որոնք էլ հենց ձևավորում են Հայաստանի գինիների բարձր իմիջը։ «Եթե ընդանուր արտահանման ծավալի մեջ, թվում է, թե այս անկումն առանձնապես մեծ ազդեցություն չի ունենում, սակայն առանձին, փոքրիկ  գինեգործարանների մակարդակում, սա բավակնին զգալի հետևանքներ է ունենում։ Այս խնդիրը շրջանցելու կամ գոնե հետևանքները մեղմելու համար, մեր գինեգործական ընկերությունները փորձում են ակտիվացնել իրենց գործունեությունը առցանց հարթակում՝ հայկական գինու ներկայացման և առաջմղման համար ներդնելով նոր արդի թվային տեխնոլոգիաներ»,-ասաց Մուրադյանը:

Կորոնավիրուսի իրավիճակի պատճառով չեղակվել կամ գոնե նախնական հետաձգվել են գինու փառատոնները, էքսպոները, մրցույթները և այլ միջոցառումները: «Երևանի գինու օրերը» հետաձգվել են մինչև սեպտեմբեր, թեև Մուրադյանը խիստ կասկածում է, որ այն կկայանա: «Ունենք «Ոսկեհատ» փառատոնը, սակայն օգոստոսին կվերանայենք ծրագիրը, եթե վիճակը չփոխվի, բնականաբար կչեղարկենք կամ կփորձենք հետաքրքիր ձևաչափով իրականցնել, որ կլինի հետաքրքրիր, միևնույն ժամանակ ոչ մասսայական»,-ասաց նա:

Մուրադյանը նկատեց՝ թեև միջոցառումները հիմնականում չեղարկվել են, սակայն այս տարիների ընթացքում հասցրել են Հայաստանի համար կարևոր թիրախային շուկաներում բարձր վարկանիշ ունեցող փորձագետների հետ լավ կապեր, հարաբերություններ ձևավորել: Այս իրավիճակում կապվել են նրանց հետ, քննարկել, թե ինչ ձևաչափով կարող են շարունակել համագործակցությունը: Օրինակ զրուցել են կանադական ներմուծողների հետ, նրանք  սկսել են ակտիվ ներկայացնել հայկական գինին, տարբեր գնորդների համար իրականացվելու են գինիների շնորհանդեսներ, կազմակերպվելու են առցանց ներկայացումներ: Հիմնադրամի ղեկավարի խոսքով՝ այսպիսով փորձում են այդ ձևաչափով ակտիվ պահել հայկական գինիներն այդ շուկաներում: 

«Մենք ուսումնասիրություն ենք արել, ըստ որի գինի խմող երկրներում զգալիորեն աճել են օնլայն վաճառքի ծավալները: Մենք ևս պատրաստվում ենք մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ օգտագործել տվյալ հարթակները հայկական գինիների վաճառքի խթանման համար և լիահույս ենք, որ սպառումն արտերկրում չի նվազի: Ինչ վերաբերվում է  ցուցահանդեսներին, հուսանք, որ 2021 թվականին կշարունակենք»,-ասաց նա:

Մուրադյանը նկատեց՝ տեղական շուկայում հիմա սպառումը նվազել է, քանի որ մարդիկ տանը գրեթե գինի չեն խմում: «Այս տարի ավելի շատ ծրագրեր ենք իրականացնելու ներքին շուկային ուղղված, որպեսզի փորձենք այդ մշակույթն արմատավորել, մարդիկ գինի խմեն նաև տանը: Տարբեր ծրագրեր ենք մշակել: Օնլայն հարթակներում դասընթացներ ենք կազմակերպելու, ավելի շատ խոսելու, ներկայացնելու ենք Հայաստանի գինեգործությունը, հայկական գինիները, փորձելու ենք նաև հեռուստահաղորդումների միջոցով ներկայացնել մշակույթը, պատմությունը, ուտեստների հետ համադրությունը, տարբեր պաստառներ կտեղադրվեն քաղաքում և քաղաքից դուրս տարբեր վայրերում, որպեսզի մարդիկ ճանաչեն մեր արտադրողների գինիները: Կփորձենք այս կերպ կրթել մեր հայրենակիցներին, որ նախապատվությունը տան գինուն, քան այլ ալկոհոլային խմիչքներին, օրինակ օղուն, որի սպառումը ցավոք մեր երկրում դեռ ավելի մեծ է: Եթե կարողանանք գոնե կիսով չափ օղի սպառողներին բերել գինու դաշտ, կհամարենք հաջողություն»,- ասաց հիմնադրամի ղեկավարը:

Նա նկատեց՝ քանի որ ներքին շուկայում սպառումը նվազել է, գինեգործական շատ ընկերություններ կանխատեսում են, որ խաղողի մթերումը նախորդ տարվա համեմատ 50 տոկոսով քիչ կանեն: Որոշները բողոքում են նաև, որ Ռուսաստանից հետաձգում են վճարումները, շրջանառություն չեն կարողանում ապահովել:

Նախորդ տարի բավականին ակտիվ է եղել նաև գինու զբոսաշրջությունը: Հիմնադրամի ղեկավարը նկատեց՝ տարբեր տուր փաթեթներով ներգրավում էին զբոսաշրջիկների, և շատ գինիներ վաճառվում էին հենց այդ հարթակում: Հիմնադրամն այս տարի փորձելու է այնպես անել, որ ներգնա տուրիզմը զարգանա, տեղացիները փորձեն հետաքրքիր ժամանակ անցկացնել գինեգործարաններում: «Մարդիկ իրականում տեղյակ չեն, որ կարող են շատ հետաքրքիր բովանդակալից օր ունենալ՝ այցելելով գինեգործարան: Հիմնադրամը կփորձի այդ ճյուղը զարգացնել»,-ասաց Մուրադյանն ու հավելեց՝ գինին մշակութային խմիչք է, որի չափավոր օգտագործումը իսկապես դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։  

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am