Թուրքիան խորացնում է անջրպետը իր ու համամարդկային արժեքների միջև. Չեխիայում ՀՀ դեսպան

Armenpress 23:09, 25 Մայիս, 2020
ՊՐԱՀԱ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան դիմում է արդարության ժխտման հերթական քայլին՝ դրանով խորացնելով անջրպետը իր ու համամարդկային արժեքների միջև։ Այս մասին նշել է 
Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը՝ Չեխիայի Խորհրդարանի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձևի վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ մեկնաբանության մեջ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է դեսպանության հրապարակած մեկնաբանությունը. 
«Սա Թուրքիայի պաշտոնական առաջին և վերջին արձագանքը չէ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Թուրքիան դիմում է արդարության ժխտման հերթական քայլին՝ դրանով խորացնելով անջրպետը իր ու համամարդկային արժեքների միջև։ Ժխտողականությունն ապագա չունի՝ ինչպիսի փաթեթավորում էլ որ այն ունենա: Որքան Թուրքիայի իշխանությունները ջանք են թափում ժխտելու ճշմարտությունը, այնքան ճշմարտությունը հարթում է իր ճանապարհը և դառնում հասարակական գիտելիք:
Պրահայի ամենահայտնի Կարլի կամուջի վրա է  տեղակայված  1714թ․-ին քանդակագործ Ֆերդինանդ Մաքսիմիլիան Բրոքովի կերտած արձանը՝ նվիրված սրբացված ասպետներին, որոնք միջնադարում փրկում էին օսմանցիների ձեռքն ընկած քրիստոնյա գերիներին։ Ասպետների քանդակներից ներքև զետեղված է նաև յաթաղանով զինված թուրքի հայտնի քանդակը, որը հսկում է բանտում չարչարվող քրիստոնյաներին։ Այդ քանդակը բազմաթիվ պրահյան զրույցների և պատումների թեմա է դարձել․ ասենք, որ զբոսաշրջիկները պետք է զգուշանան գիշերով այդ քանդակի կողքով անցնելիս, կամ երեխաներին ծնողները վախեցնում էին, որ եթե չքնեն, թուրքը կգա, իրենց կտանի։
Ցավում եմ, որ 300 տարվա ընթացքում շատ բան չի փոխվել, և մինչև այսօր Թուրքիան սպառնալիքների լեզվով է խոսում»։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am