Ուժեղ քամու հետևանքով տուժել է Շիրակի մարզի Անի համայնքը

Armenpress 17:49, 25 Մայիս, 2020

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մայիսի 25-ին գրանցված ուժեղ քամու հետևանքով տուժել են  Շիրակի մարզի  Անի համայնքի մի քանի բնակավայրեր։ Նախնական տվյալներով, վնասվել են Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի դպրոցի տանիքը, Գուսանագյուղի, Ձիթհանքովի, ինչպես նաև Բայանդուր համայնքի բնակելի մի շարք տների և օժանդակ կառույցների տանիքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից, այս պահին Շիրակի մարզպետարանի պատասխանատուները, ԱԻՆ փրկարար ծառության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները աշխատանքներ են տանում ստացած ահազանգերին արձագանքելու և համայնքներին պատճառված վնասի չափերը հստակեցնելու ուղղությամբ։

Մարզի համայնքները քամուց վնասներ կրել էին նաև մայիսի  23-ին:   Ըստ նախնական տվյալների, վնաս է կրել 18 համայնք, այդ թվում՝ Անի և Մարմաշեն խոշորացված համայնքների մի շարք բնակավայրեր։ Վնասվել էին բնակելի տների և օժանդակ կառույցների տանիքներ, շրջվել են էլեկտրասյուներ, ծառեր են արմատախիլ եղել:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am