Կհիմնանորոգվի Սարուխանի թիվ 1 մանկապարտեզը

Armenpress 13:05, 25 Մայիս, 2020

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի թիվ 1 մանկապարտեզի շենքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, աշխատանքները կիրականացվեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 164 միլիոն 908 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 107 միլիոն 190 հազար դրամը տրամադրում է ՀՀ կառավարությունը, 57 միլիոն 717 հազար դրամը՝ Սարուխանի համայնքապետարանը: Թիվ 1 մանկապարտեզի շենքը կհիմնանորոգվի երկու փուլով:

Առաջին փուլում կատարվելու են շենքի հիմքերի ամրացման, երկու հարկերի ծածկերի եւ տանիքի հեռացման ու նոր ծածկերի ու տանիքի կառուցման աշխատանքներ: Երկրորդ փուլում կիրականացվեն ներքին հարդարման եւ գույքի ձեռքբերման աշխատանքներ: Մանկապարտեզի շենքը կառուցվել է 1965 թվականին, ժամանակի ընթացքում կապիտալ նորոգման չի ենթարկվել ու գտնվում է անբարեկարգ վիճակում: Մանկապարտեզը գործում է չորս խմբով, 120 տեղով:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am