Փառատոններ, համաժողովներ. «Միհր» թատրոնն ակտիվ է եղել նաև մեկուսացման օրերին

Armenpress 11:26, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միհր» ժամանակակից պարի թատրոնը մեկուսացման օրերին բավականին ակտիվ գործունեություն է ծավալել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ միջազգային հարթակում: Թատրոնը մասնակցել է փառատոնների, համաժողովների, դասախոսությունների և այլ նշանակալի միջոցառումների:

«Արմենպրես»-ի հաղորդամբ՝ ապրիլի 17-18-ին թատրոնը մասնակցել է  24-ժամյա միջազգային փառատոնի, որի շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից մասնագետ-արվեստագետները միասին ստեղծել են արվեստի նոր գործ 24 ժամում։ «Միհր» թատրոնը հանդես է եկել երաժիշտ Դարիա Մամինովայի (Գերմանիա-Ռուսաստան) և գրող Ռանիա Օդայմատի (Գանա) հետ: Ծնված ներկայացման անունն է «Անձրևից հետո», որի մենակատարը Ցոլակ Մլքե-Գալստյանն է:

 Ապրիլի 26-ին թատրոնի «Մենք» ներառական ժամանակակից պարային ներկայացումը մասնակցել է «Սոցիալական հեռավորության միջազգային  առցանց փառատոնին» (Social Distancing Festival)։ Ներկայացման մեջ որպես մենակատար հանդես է եկել Պետրոս Ղազանչյանը, իսկ   երաժշտության հեղինակը «Տիեզերք» բենդն է, ապրիլի 30-ին թատրոնը մասնակցել է «Կատարողական արվեստի միջազգային ցանց»-ի տարեկան գլխավոր համաժողովին։ Ժողովին թատրոնը ներկայացրել է «Միհր»-ի հիմնադիրներից Շողակաթ Մլքե-Գալստյանը։ Մլքե-Գալստյանը նաև «Միհր»-ի փիլիսոփայության մասին դասախոսություն է ներկայացրել Բեռնի արվեստի համալսարանում:

 «Միհր» թատրոնի նախաձեռնությամբ մարտի 25-ին Ռոն Վոյաժ Ցյուրիխի երաժշտական պլատֆորմից  համերգով հանդես է եկել «Տիեզերք» բենդը, որը ապրիլի 13-ից ամեն երկուշաբթի առցանց վարպետության դասեր-ուսուցում  է անցկացնում երաժշտասերների համար:

Անժելա Համբարձումյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am