COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 257 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Armenpress 22:04, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 257 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 336 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 123 հազար 956 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 631հազար 766 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 97 հազար 014 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: ԱՄՆ-ի նախագահի հրամանով երկրում դրոշները երեք օրով իջեցվել են՝ ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 326 հազար 448 հաստատված դեպք: Մեկ օրում 8 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Մահերի թիվն այստեղ կազմում է 3 հազար 249:

Վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Բրազիլիան, որը շրջանցել է Իսպանիային: Բրազիլիայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 314 հազար 769-ի, վարակի հետևանքով մահացել է 20 հազար 267 մարդ:

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 280 հազար 117 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 940:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 254 հազար 195 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 36 հազար 393: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 228 հազար 658, մահերինը՝ 32 հազար 616: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 181 հազար 826 է, մահացածներինը՝ 28 հազար 215:

Գերմանիայում 179 հազար 410 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 325 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 154 հազար 500-ի, մահացածներինը՝ 4 հազար 276-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 131 հազար 652-ի: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 300 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում: Չինաստանն առանձնանում է 82 հազար 971 ընդհանուր, 4 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 723-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 40 հազար 481, մահերինը՝ 19: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 26 հազար 898 է, մահացածներինը՝ 237:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 19 հազար 564-ի, մահացածներինը՝ 138-ի: Եգիպտոսում 15 հազար 786 հաստատված դեպք կա, մահացել է 707 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 964 վարակվածության, 147 մահվան դեպք: Լիբանանում կա 1086 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 59-ի: Մահացել է 4 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Մալայզիայի վարչապետը 14 օր կլինի ինքնամեկուսացման մեջ

Մալայզիայի վարչապետ Մուհիդին Յասսինն ուղարկվել է տնային կարանտինի, քանի որ կարող է վարակված լինել կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: Մալայզիայի կառավարության ղեկավարն ինքնամեկուսացման մեջ կլինի 14 օր: Ավելի վաղ նա ներկա էր եղել մի մարդու հետ հանդիպմանը, որի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: «Հանդիպման բոլոր մասնակիցները պետք է 14 օրյա կարանտինի անցնեն»,-ասված է կառավարության հայտարարության մեջ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 212-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

ՄԱԿ-ի ավելի քան 500 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

Աշխարհում ՄԱԿ-ի ավելի քան 500 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով, որոնցից 50 դեպքը գրանցվել է Ժնևում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովան: «Ամբողջ աշխարհում ավելի քան 500 վարակված մարդ ունենք, դրանցից 50-­ը՝ Ժնևում: ՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցել ենք 8 դեպք: Դեպքերը հիմնականում եղել են միջին ծանրության: Ցավոք, եղել են նաև մահացու դեպքեր միջազգային կազմակերպությունների շարքերում: Ամեն դեպքում, իրավիճակից ելնելով, մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ միջոցները աշխատակիցներին պաշտպանելու համար»,-ասել է Վալովան:

Նա ավելացրել է, որ Ազգերի պալատը հունիսին կրկին պատրաստ կլինի ընդունել աշխատակիցներին՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, այդ թվում՝ սոցիալական հեռավորության պահպանումը:

Թայլանդում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք չի գրանցվել

Թայլանդում վերջին մեկ օրում ինչպես կորոնավիրուսով վարակվածության, այնպես էլ վարակի հետևանքով մահացության նոր դեպք չի գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Թայլանդի Կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնը: Չնայած դրական ցուցանիշին՝ նշվում է, որ վարակը դեռ անհետացած չէ:

«Ցավոք, հայտնի դարձավ, որ Եգիպտոսից ու Հնդկաստանից եկած և կարանտինի մեջ գտնվող 2 քաղաքացիների մոտ արդեն նախանշաններ կան, նրանք թեստ են հանձնել, եթե հաստատվի, ապա կհաշվարկվեն վաղվա թվերում»,-ասել է Կենտրոնի մամուլի քարտուղարը:

Թայլանդում վարակվածների ընդհանուր թիվը 3 հազար 037 է, մահերինը՝ 56: 

Բուլղարիան սահմանները բացել է ԵՄ-ի և Շենգեն գոտու քաղաքացիների համար

Բուլղարիայի իշխանությունները մայիսի 22-ին բացում են սահմանները Եվրամիության և Շենգեն գոտու քաղաքացիների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բուլղարիայի իշխանությունները, կորոնավիրուսի տարածման հետ կապված, մարտին փակել էին սահմանները: Բուլղարիայի քաղաքացիները, այլ երկրների դիվանագետները, երկիր երկիր մուտք գործելիս ստիպված 14-օրյա կարանտին էին անցնում:

Այժմ 14-օրյա կարանտինային ռեժիմի պայմանով Բուլղարիա կարող է ժամանել Եվրոպայի ցանկացած քաղաքացի: Ավելին, եթե Բուլղարիայում մնալու ժամկետը չի անցնելու 7 օրից, ապա կարանտին չի պահանջվի: Նշվում է, որ փաստորեն, խոսքը միջազգային տուրիզմի վերաբացման մասն է, թեկուզ կարճաժամկետ կտրվածքով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բուլղարիան պայմանավորվել է մեղմացնել սահմանային ռեժիմը հարևան երկրների հետ:

Նոր զարգացումներ պատվաստանյութի հարցում. «Inovio Pharmaceuticals» ընկերություն

ԱՄՆ-ի իմունոթերապևտիկ «Inovio Pharmaceuticals» ընկերությունը չորեքշաբթի՝ մայիսի 20-ին հայտնել է, որ իր փորձնական պատվաստանյութը կորոնավիրուսային վարակի դեմ հանգեցրել է պաշտպանական հակամարմինների ստեղծմանը և իմունային համակարգի արձագանքին մկների և ծովախոզուկների մոտ, որոնց վրա իրականացվել են փորձերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ընկերության բաժնետոմսերը, որոնք այս տարի ավելի քան քառապատկվել են, պատվաստանյութի ստեղծման սպասումներից ելնելով, կրկին աճեցին 18%-­ով ՝ հասնելով 15,77 դոլարի: Ներկայումս COVID-19- ի համար դեռևս չկա հաստատված բուժում կամ պատվաստանյութ: Այս ուղղությամբ աշխարհում գործում է շուրջ 100 ծրագիր: Փորձագետները կանխատեսում են, որ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութը կարող է մշակվել 12-18 ամսվա ընթացքում:

Մայիսի 19-ին «Moderna»-ն հայտարարեց, որ իր փորձնական COVID-19 պատվաստանյութը արտադրել է պաշտպանիչ հակամարմիններ առողջ կամավորների մոտ: Այս շատ վաղ փուլում ընկերության այս հաջողությունը վերջինիս մղեց առաջին տեղ գլոբալ մրցավազքում:

Իր հերթին «Inovio»-ն հայտարարել է, որ մարդկանց վրա իրենց փորձերի նախնական արդյունքները սպասվում են հունիսին: Առաջին փուլի 40 առողջ մասնակիցներին արվել է երկու ներարկում չորս շաբաթվա ընթացքում, որից հետո կատարվում են ուսումնասիրություններ ևս երկու շաբաթ: Պատվաստանյութը կոչվում է INO-4800:

Թե՛ «Moderna»-ն, թե՛ «Inovio»-ն օգտագործում են ավելի նոր տեխնոլոգիաներ: «Inovio»-ի պատվաստանյութը մշակվել է ԴՆԹ-ի բժշկական իրպլատֆորմի միջոցով, մինչդեռ «Moderna»-ի պատվաստանյութն օգտագործում է RNA (mRNA) տեխնոլոգիան: Երկու ընկերություններն էլ դեռևս չունեն շուկայում հաստատված դեղամիջոց:

Նախնական տվյալներ ստանալուց հետո «Inovio»-ն ակնկալում է դիմել ԱՄՆ պարենի և դեղամիջոցների վարչություն` երկրորդ փուլի թույլտվություն ստանալու համար, որը կարող է տեղի ունենալ հուլիսին կամ օգոստոսին:

Ընկերությունն ասել է, որ կենդանիների ուսումնասիրության վերջին արդյունքները, որոնք հրապարակվել են «Nature Communications» ամսագրում, հաստատում են ԴՆԹ դեղորայքի իր պլատֆորմի արդյունավետությունը:

Բացի այդ, ընկերությունը տեղեկացրել է, որ նախատեսում է ստուգել պատվաստանյութը ավելի խոշոր կենդանիների վրա (ներառյալ նապաստակները և կապիկները) «Challenge» ուսումնասիրության մեթոդով, ըստ որի կենդանուն միտումնավոր վարակելուց հետո կիրառվում է պատվաստանյութը՝ վարակի զարգացումը կանխելու համար:

«Inovio»-ի պատվաստանյութի մշակումը ֆինանսավորվում է համաշխարհային կոալիցիայի կողմից, և ընկերությունը հայտարարել է, որ մինչև տարեվերջ կարող է արտադրել 1 միլիոն չափաբաժին՝ լրացուցիչ փորձարկումների և արտակարգ իրավիճակների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am