Գայլերը Հայկանուշ Մելքոնյանի անասնապահական տնտեսությանը պատճառել են շուրջ 5 միլիոն դրամի վնաս

Armenpress 21:50, 22 Մայիս, 2020

ԳԱՎԱՌ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում մայիսի 15-ի գիշերը գայլերը հոշոտել են նույն գյուղի բնակիչ Հայկանուշ Մելքոնյանին պատկանող  122 գլուխ ոչխարներն ու գառները, եւս 15-ին էլ վիրավորել, ինչի արդյունքում տնտեսությանը պատճառվել է շուրջ 5 միլիոն դրամի վնաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը, Նորակերտի համայնքապետարանի համապատասխան հանձնաժողովի  կազմված ակտն արդեն ուղարկվել է Գեղարքունիքի մարզպետարան:

«Հանձնաժողովը հաշվարկել է անասնապահական տնտեսությանը պատճառված վնասի չափը, որը կազմել է շուրջ 5 միլիոն դրամ:Համապատասխան ակտն արդեն ուղարկվել է Գեղարքունիքի մարզպետարան:Պատճառված վնասը վերականգնելու համար Նորակերտի համայնքապետարանը կօգնի իր հնարավորությունների սահմաններում: Բնական է, որ մեր միջոցներն անբավարար են՝ նման չափի օժանդակություն հատկացնելու կամ կրած վնասը լրիվ փոխհատուցելու համար: Մնում է սպասել, թե ինչ կարգի աջակցություն կտրամադրի կառավարությունը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: Գեղարքունիքի մարզպտարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի տեղեկացմամբ՝ Նորակերտի համայնքապետարանից ուղարկված ակտն արդեն մուտքագրված է մարզպետարանում եւ օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am