ՀՀ պաշտպանության նախարարն անակնկալ ստուգայցով եղել է զինված ուժերի զորամասերից մեկում

Armenpress 14:04, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 22-ին անակնկալ ստուգայցով եղել է զինված ուժերի զրահատանկային զորամասերից մեկում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դավիթ Տոնոյանը հետևել է մարտական պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների իրականացմանը և զորամասում ընթացող սեզոնային սպասարկման աշխատանքներին:

Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, առաջադրված խնդիրների կատարման, ինչպես նաև ճամբարային հավաքի շրջանակում նախորդ օրն անցկացված մարտական հրաձգությամբ զորավարժության արդյունքների մասին:

Անակնկալ ստուգայցի շրջանակում Դավիթ Տոնոյանի հրամանով զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել է զրահատեխնիկայի և զինծառայողների մարտական պատրաստության աստիճանն ու մարտական տարբեր խնդիրների կատարման պատրաստականությունը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am