ՀՀ ԱԳ նախարարը Մասիս Մայիլյանին ներկայացրել է ՄԽ համանախագահների հետ տեսակոնֆերանսի արդյունքները

Armenpress 13:57, 22 Մայիս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը մայիսի 22-ին հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտաքին քաղաքական ոլորտում համագործակցության օրակարգի գերակա ուղղությունների շուրջ և  գոհունակություն հայտնել երկու գերատեսչությունների միջև ստորագրված խորհրդակցությունների պլանի կատարման ընթացքի վերաբերյալ։ Կողմերն ընդգծել են արտաքին քաղաքական մարտահրավերները հաղթահարելու նպատակով ներդաշնակ և համակարգված ջանքերի շարունակականության կարևորությունը։ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ներկայացրել է մայիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ տեղի ունեցած տեսակոնֆերանսի արդյունքները։ Նախարարները նաև մտքեր են փոխանակել միջազգային համագործակցության հեռանկարների շուրջ՝ պայքարելու նոր տիպի կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am