Հանրային քննարկման է դրվել Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխության նախագիծը

Armenpress 12:50, 21 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել իր կողմից մշակված տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության համապարփակ բարեփոխմանն ուղղված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը՝ https://www.e-draft.am/projects/2502 :

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, առաջարկվող նախագծերով տարբերակվել են հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթները՝ սահմանելով դրանց բնորոշ առանձնահատկությունները, իրավախախտման վարույթի մասնակիցները, նրանց իրավունքների ու պարտականությունների ծավալը, վարույթի հարուցման առիթները: Նախատեսվել է իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու առիթները նախնական ստուգման ենթարկելու ընթացակարգ և վարույթ հարուցելու հիմքերի բացակայության պայմաններում հարուցումը մերժելու հնարավորություն, ինչպես նաև իրավախախտման վարույթի ժամկետը անհրաժեշտության դեպքում եռամսյա ժամկետով երկարաձգելու հնարավորություն: Նախատեսվել է նաև հանձնաժողովի թղթակցությունը վարույթի մասնակիցներին էլեկտրոնային եղանակով հանձնելու ընթացակարգ, ապրանքների գների վերահսկման նպատակով շարունակական մշտադիտարկումներ իրականացնելու հնարավորություն, տուգանքների կիրառման առավել արդյունավետ մեխանիզմ, սահմանվել է բանակցային ուժեղ դիրքի չարաշահման արգելք և այլն:

Բոլոր շահագրգիռ անձինք իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև ս.թ. հունիսի 4-ը Իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am  կայքի միջոցով, ինչպես նաև կարող են ուղարկել հանձնաժողով՝ info@competition.am էլ. փոստի հասցեով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am