«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մասնավորեցման օբյեկտների ցանկից «Հայավտոկայարանը» կհանվի

Armenpress 21:49, 19 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««Հայավտոկայարան» ՓԲԸ-ն  գործառույթներն անում է իր կազմում գործող 4 ավտոկայարանի՝ Երեւանի «Կենտրոնական» եւ «Հյուսիսային», Գյումրիի եւ Վանաձորի ավտոկայարանների, ինչպես նաեւ մյուս քաղաքներում տեղակայված 24 ավտոկայանի եւ 17 երթակարգավարական կետերի միջոցով: Գաղտնիք չէ, որ ուղեւորափոխադրումների սպասարկման պատշաճ որակ ապահովելու տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում բարձրացնել նաեւ ավտոկայարանային ծառայությունների որակը (երկրի տարածքում գործող բոլոր ավտոկայարաններում եւ ավտոկայաններում ապահովելով կառավարության դեռ 2007 թ. որոշմամբ հաստատված ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով սահմանված պահանջները): Ավտոկայարանային համակարգի արդիականացումը պետք է արվի ներդրումային ծրագրերի միջոցով, այդ թվում նաեւ կառավարության օժանդակությամբ:

Հետեւաբար, ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության,  անհրաժեշտ է պահպանել ընկերության ամբողջականությունը (ներառյալ գույքային) եւ պետական կարգավիճակով գործունեությունը` բաժնետոմսերի 100 տոկոս պետական սեփականությունը: Այդ իսկ պատճառով ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ է շրջանառում, որով առաջարկում է մասնավորեցման օբյեկտների ցանկից հանել 5-րդ կետը՝ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am