ՏՄՊՊՀ-ն կարճել է «ՎԵՈՆ Արմենիա»-ի և «Յուքոմ»-ի համակենտրոնացման մասին վարույթը

Armenpress 11:43, 19 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել վերսկսել և կարճել «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։

««Վեոն Արմենիա» ընկերությունը 2020 թվականի մայիսի 6-ին դիմել է հանձնաժողով՝ հայտնելով, որ հրաժարվում է իր դիմումից և խնդրում է կարճել հարուցված վարչական վարույթը:

Հաշվի առնելով, որ դիմումատուն գրավոր հրաժարվել է իր դիմումից՝ վերանում է հարուցված վարչական վարույթն իրականացնելու անհրաժեշտությունը, հետևաբար հանձնաժողովը որոշել է վարչական վարույթը կարճել:

Հիշեցնում ենք, որ հանձնաժողովի 2020 թվականի մարտի 19-ի թիվ 122-Ա որոշմամբ, հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, կասեցվել էր ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը։

Հարկ է նշել, որ վարույթի շրջանակում հանձնաժողովն իրականացրել է հեռահաղորդակցության ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն, որը հետագայում կհրապարակվի»,- ասված է ՏՄՊՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am