Հայաստանը միջոցներ ներգրավելու որևէ խնդիր չի ունենալու, ունենք շատ մեծ ընտրություն. Փաշինյան

Armenpress 17:08, 16 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով Հայաստանի վարկային ռեյտինգը՝ վստահեցնում է՝ առկա է միջոցների ներգրավման ընտրության մեծ հնարավորություն: Փաշինյանն այդ մասին վստահեցրեց իր ասուլիսում՝ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան: Պետական բյուջեի մասին օրենքի փոփոխությունների հիմքում դրված սցենարով նախատեսվում է լրացուցիչ 280 մլրդ դրամ պարտք ներգրավելու անհրաժեշտություն: Հետաքրքրվեցինք՝ որոշվե՞լ է, թե որ աղբյուներից կլինի պարտքի ներգրավումը, կա՞ն նախնական պայմանավորվածություններ:

Վարչապետը հիշեցնում է՝ Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացրել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար։

«Նաև այլ համաձայնություններ կան: Բայց կարող եմ ասել, որ նաև Հայաստանի վարկային ռեյտինգներն իմանալով ՝ Հայաստանը միջոցներ ներգրավելու որևէ խնդիր չի ունենալու, և մենք ունենք շատ մեծ ընտրություն, թե որտեղից և ինչպես ներգրավենք միջոցներ՝ ներառյալ ներքին հնարավորությունները»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը խոստացավ ըստ անհրաժեշտության թեմային անդրադառնալ:

Կորոնավիրուսի իրավիճակով, արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Պետական բյուջեի մասին օրենքում կատարվել են փոփոխություններ:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am