Ազգային ժողովն ավարտեց արտակարգ դրության իրավական ռեժիմը երկարաձգելու հարցի քննարկումը

Armenpress 18:09, 14 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց երկրում արտակարգ դրության իրավական ռեժիմը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության որոշման վերաբերյալ խորհրդարանի խմբակցություններից որևէ մեկը առաջարկ չներկայացրեց:

Շուրջ 3 ժամ տևած քննարկման ընթացքում ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու պատճառը, կորոնավիրուսի առկա իրավիճակն ու ձեռնարկվող միջոցառումները, նաև պատասխանեց պատգամավորների հարցերին:

Կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36 016 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 49 դեպք:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am