Մարտունիում վիրավորական բառեր են գրել կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան պատերին

Armenpress 13:18, 14 Մայիս, 2020

ԳԱՎԱՌ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անհայտ անձինք վիրավորական արտահայտություններ են գրել  կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան պատերին եւ շրջել դարպասի մի հատվածը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետի անձնակազմի գծով տեղակալ Էդիկ Հակոբյանը, քաղաքացու ընտանիքում հոր եւ որդու մոտ կորոնավիրոսի դրական պատասխան է եղել, ինչից հետո նրանք բուժման են տեղափոխվել համապատասխան բուժհաստատություն: Դրանից  հետո անհայտ անձը (անձինք) գիշերվա ընթացքում կատարել են անթույլատրելի արարք՝ վիրավորելով տվյալ ընտանիքի արժանապատվությունը:  «Մեզ ահազանգել է կորոնավիրոսուվ հիվանդի դուստրը: Պարզվել է, որ անհայտ անձինք շուռ են տվել դարպասի մի հատվածը, իսկ պատերին գրել՝ «վարակակիրներ», «կորոնավիրուս», «վիրուսոտներ» եւ այլ բառեր։ Որոշ բառեր էլ գրեթե չէին  կարդացվում: Գրառումները մաքրվել են, իսկ բաժնում նյութեր են նախապատրաստվում կատարվածի վերաբերյալ»,-ներկայացրեց Էդիկ Հակոբյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am