Էդմոն Մարուքյանը հրավիրվել է ՀՔԾ․ նա կենթարկվի դատաբժշկական փորձաքննության

Armenpress 14:26, 13 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՔԾ-ում նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու նպատակով  Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 13-ին ժամը 16։00-ին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Էդմոն Մարուքյանի կողմից հրապարակված ՀՔԾ ծանուցումից։

Ծանուցման մեջ նշված է նաև, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ուստի փորձաքննության ենթարկվելու համար Էդմոն Մարությանին առաջրկվում է մայիսի 13-14-ն ընկած ժամանակահատվածում ներկայանալ ՀՀ ԱՆ դատական բժշկության գիտագործնական կենտրոն։ 

Հատուկ քննչական ծառայությունը Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ նյութեր է նախապատրաստում։

Դատախազությունն Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախաատրաստելու համար:  

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգին և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումներին:

Խորհրդարանի նիստերի դահլիճում մայիսի 8-ին տեղի էր ունեցել միջադեպ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի: Նիստը ընդմիջվել էր: Նիստում քննարկվում էր կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման և արդյունքների մասին զեկույցը:

Կարեն Խաչատրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am