ՊԵԿ-ը բացահայտել է օնլայն ապօրինի ձեռնարկատիրության դեպք

Armenpress 15:00, 8 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, անօրինական ձեռնարկատիրության դրսևորումները բացառելու նպատակով, ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող ապօրինի ձեռնարկատիրության դեպք։ Ըստ օպերատիվ տվյալների, քաղաքացին առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, օնլայն հարթակում զբաղվում է սննդային հավելումների գովազդով ու վաճառքով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Վարչության աշխատակիցները մշակել և ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Մասնավորապես, ծածկագրված գնորդի միջոցով տարբեր դեպքերով կատարված  գնումներով  հիմնավորվել է քաղաքացու ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը: Վերջինս իրացրել է հայտնի ապրանքանիշի սննդային հավելում` «ձկան յուղ»:

Փաստի առթիվ վարչությունում կատարվել է պետությանը պատճառված վնասի հաշվարկ, կազմված նյութերը ներկայացվել են համապատասխան ստորաբաժանում՝ օրենքով սահմանված կարգով քաղաքացուն վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

ՀՀ  պետական եկամուտների կոմիտեն  քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ապօրինի առևտրային գործունեությունից, իսկ առցանց հարթակի միջոցով ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում պարտադիր ստանալ պետական գրանցում և հաշվառվել հարկային մարմնում՝ խուսափելու համար հետագա վարչական կամ քրեական պատասխանատվությունից: Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ համացանցի միջոցով ՀՀ ռեզիդենտների կողմից կատարվող առևտրային գործարքների օրինականության մշտադիտարկում և վերահսկողություն է իրականացվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am