Կորոնավիրուսով վարակված ԱԻՆ աշխատակիցներից 5-ն արդեն բուժվել են. Ֆելիքս Ցոլակյան

Armenpress 09:38, 8 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների շրջանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության վարակման 13 դեպք: Ներկայում կորոնավիրուսի համավարակով հիվանդ է 8 աշխատակից, բուժվել է՝ 5-ը: «Արմենպրես»-ի հետ զրույցում վերջին տվյալները ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա անդրադարձավ արտակարգ դրության պայմաններում նախարարության ստորաբաժանումների աշխատանքին, վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներին:

-Պարոն Ցոլակյան, նախարարության ստորաբաժանումներն արտակարգ դրության պայմաններում տարբեր ուղղություններով աշխատանք են կատարում՝ պաշտպանական միջոցների կիրառումից մինչև ախտահանման կազմակերպում: Այս ընթացքում իրականացված աշխատանքներն ինչպե՞ս կգնահատեք:

- ԱԻՆ համակարգն առաջին իսկ օրվանից ամբողջովին ներգրավված է կորոնավիրուսային համավարակի տարածման կանխարգելման և արձագանքման միջոցառումներում և, ամենօրյա ծանրաբեռնված աշխատանքներին զուգահեռ, լիարժեք իրականացրել է իր առջև դրված խնդիրները: 2020 թ. մարտի 16-ից մինչև մայիսի 6-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ահազանգման կենտրոնում ստացվել է 193 հազար 889 ահազանգ: Նույն ժամանակահատվածում ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ահազանգման կենտրոնում և մարզային փրկարարական վարչությունների ՃԿԿ-ներում ստացվել է՝ 1153 ահազանգ, որից կորոնավիրուսի վարակի վերաբերյալ՝ 646, իսկ քաղաքացիների բարձր ջերմության առկայության վերաբերյալ 507 ահազանգ։ Մարտի 16-ից մինչև մայիսի 6-ը ԱԻՆ բժշկական ապահովման վարչության աշխատակիցները շուրջօրյա խորհրդատվական ծառայություններ են մատուցել 906 քաղաքացու։

Մարտի 24-ից ԱԻՆ ՓԾ 12 ծառայող գործուղվել է ՀՀ կառավարություն՝ «Թեժ գծի» և տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին մասնակցելու համար, այնուհետև ապրիլի 2-ին ևս 12 ծառայող է գործուղվել, աշխատանքները հերթափոխով կազմակերպելու համար: Ապրիլի 22-ից իրավիճակի վերահսկողության խմբի աշխատանքներն իրականցվում են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից։

 ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության 6 բժիշկ 8 բուժակ ապրիլի 3-ից գործուղվել է առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»՝ կազմակերպված «Թեժ գծի» աշխատանքներին մասնակցելու նպատակով։

-Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ամենօրյա վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում ՀՀ բոլոր մարզերում և Երևանում: Տարածքների ընտրությունն ինչպե՞ս է կատարվում և արդյո՞ք աշխատակիցները բավարար չափով ապահովվում են անհրաժեշտ պաշտպանիչ պարագաներով:

-Տարածքների ընտրությունը կապված է հանրային նշանակության, մարդկանց բարձր կուտակումների և ամենօրյա բարձր հաճախելիության հետ, օրինակ՝ շուկաներ, սուպերմարկետներ, բանկեր (ինչպես նաև բանկոմատներ) և այլն, իսկ մինչև պարետի կողմից երկրի մակարդակով տրանսպորտի տեղաշարժի սահմանափակումների կիրառումը, իրականացվել է նաև հասարակական տրանսպորտի և կանգառների վարակազերծում: Վարակազերծման աշխատանքներ իրականացնող աշխատակիցները ապահովվել են անհրաժեշտ քանակի բարձրակարգ անհատական պաշտպանիչ միջոցներով, սարքավորումներով և ախտահանիչ նյութերով:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված վարակազերծման աշխատանքներ են իրականացվել նաև Ազգային Ժողովի շենքում, կադաստրի պետական կոմիտեի գրասենյակներում, գլխավոր դատախազության վարչական շենքում, ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության շենքում։ Վարակազերծման աշխատանքներ են իրականացվել Բագրատաշենի մաքսային անցակետում․ ախտահանվել են մաքսատանը գտնվող բեռնատար ավտոմեքենաները։

Վարակազերծման աշխատանքներ են կատարվել նաև «Կոնվերսբանկի», «Հայբիզնեսբանկի», «Յունիբանկի», «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի, «Արդշինբանկի», «ՍԵՖ Ինտերնեյշնլ» և «Ֆինկա» Ունիվերսալ վարկային կազմակերպությունների՝ հանրապետության տարբեր քաղաքներում գտնվող մասնաճյուղերում, «Դալմա գարդեն մոլ» զվարճաառևտրային համալիրում։

Հարկ եմ համարում նշել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցի և պոլիկլինիկայի աշխատողների, այդ թվում նաև մի շարք բնակիչների շրջանում, կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի պատճառով, քաղաքի հիվանդանոցի և պոլիկլինիկայի հետագա անվտանգ աշխատանքների ապահովման նպատակով կազմակերպվել և իրականացվել է վարակազերծում։ Մինչև օրս վերը նշված վայրերում 16250 անգամ իրականացվել են վարակազերծման աշխատանքներ:

Տեղեկացնեմ, որ մարտի 24-ից մինչև այսօր ԱԻՆ աշխատակիցներին բախշվել է ընդհանուր թվով՝ պաշտպանիչ կոստյում՝ 564 լրակազմ, նատրիումի հիպոքլորիդ՝ 1910 լիտր, ախտահանող նյութ «Բիօքսիլ»՝ 1000լ, շնչադիմակ՝ 26650 հատ, ձեռնոց՝ 23 հազար 150 զույգ, ախտահանող նյութ «Դիմաքս քլոր»՝ 12կգ , բժշկական սպիրտ, ալկոգել՝ 820 լիտր, ախտահանող նյութ «Դիաբակ»՝ 10 լիտր:

- Փրկարար ծառայությունում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր էին գրանցվել: Ի՞նչ տեղեկություններ կհաղորոդեք վարկվածների ու մեկուսացած կոնտակտավորների առողջական վիճակի մասին:

-ԱԻՆ աշխատակիցների շրջանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության վարակման 13 դեպք: Մայիսի 6-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, ունեցել ենք 110 ինքնամեկուսացված, որոնցից 103-ը, կարանտինային ժամանակահատվածի ավարտից հետո, վերադարձել է բնականոն աշխատանքի: Հատուկ նախատեսված վայրերում ունեցել ենք 51 մեկուսացված, որոնցից 45-ը նույնպես դուրս եկել մեկուսացված վայրերից։ Ներկայում կորոնավիրուսի համավարակով հիվանդ է 8 աշխատակից, բուժվել է՝ 5-ը, ինքնամեկուսացած  է՝ 7-ը, մեկուսացած է՝ 6-ը։

-Ծառայողների շրջանում վարակի հնարավոր դեպքերի, հետևաբար մեկուսացածների թվի ավելացման պարագայում արդյո՞ք ունեք ռեսուրսներ փոխարինումն ապահովելու համար:

-Համաճարակային իրադրությամբ պայմանավորված՝ նախարարությունում  մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում հատկապես հրշեջ-փրկարարական ջոկատներում վարակի տարածումը  կանխարգելելու նպատակով մասնավորապես՝ ԱԻ նախարարության բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում oրական 3 անգամ վարակազերծման են ենթարկվում շենքերն ու շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և մարտական համազգեստը:

Իրականացվում է փրկարարական ստորաբաժանումների անձնակազմի առողջական վիճակի և հիգիենայի կանոնների պահպանման հսկողություն՝ 3-անգամյա ջերմաչափում, հանգստացող հերթափոխի, նախարարության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների ինքնազգացողության ամենօրյա մշտադիտարկում, արձագանքում իրականացնող անձնակազմի կողմից բնակչության հետ շփման ժամանակ անհատական անվտանգության նորմերի պահպանման հսկողություն: Վարակի տարածման պարագայում կան պլանավորված միջոցառումներ հրշեջ-փրկարարական ջոկատների անխափան աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ՝ այլ հերթափոխերի անձնակազմից ձևավորվել են դասակներ ամենօրյա շուրջօրյա ծառայությունը կազմակերպելու նպատակով, Փրկարար ծառայության կենտրոնական ապարատի անձնակազմից ձևավորվել են համահավաք խմբեր (ընդհանուր թվով 105 ծառայող), որոնց ուժերով նախատեսվում է լրացնել այն ստորաբաժանումները, որոնց շուրջօրյա հերթապահությունը հնարավոր չի լինի կազմակերպել նույն ստորաբաժանման անձնակազմի միջոցով:

-ԱԻՆ-ը մասնակցում է բնակչության տեղաշարժի վերահսկմանը: Ի՞նչ խնդիրների եք ականատես եղել, արդյո՞ք քաղաքացիների շրջանում կարգապահություն նկատվում է: Նշվում է նաև, որ վերահսկողությունն ավելի խիստ է Երևանում, քան մարզերում: Ի՞նչ կասեք այդ մասին:

-ԱԻՆ ՓԾ կենտրոնական ապարատի, Երևանի և մարզային փրկարարական վարչությունների և նրանց ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմից ձևավորվել էին խմբեր՝ բաղկացած 10 ծառայողից (ընդհանուր թվով 130 ծառայող), որոնք մասնակցել են ոստիկանության պարեկային ծառայության շրջիկ խմբի հետ համատեղ իրականացվող աշխատանքներին։ Նշեմ նաև, որ տեղաշարժի վերահսկողությունն իրականացվում էր ՀՀ Ոստիկանության կողմից, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները աջակցում էին ոստիկանության ծառայողներին՝ իրենց լիազորությունների շրջանակներում:

-Անդրադառնանք ԱԻՆ-ի հոգեբանական ծառայությանը: Արտակարգ դրության պայմաններում ինչպիսի՞ն է ստացված զանգերի դինամիկան: Արդյոք ավելացումներ նկատվում են: Ի՞նչ հարցերով են հիմնականում քաղաքացիները զանգահարում:

- 2020թ. մարտ ամսին ԱԻՆ Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնում գրանցվել է 376 ահազանգ, որից 320-ը՝ կորոնավիրուսի վերաբերյալ, ապրիլ ամսի գրանցվել է 241 ահազանգ, որից 191-ը՝ կորոնավիրուսի վերաբերյալ: Մայիս ամսին՝ (մայիսի 6-ի դրությամբ) 52 ահազանգ, որից 31-ը՝ կորոնավիրուսի վերաբերյալ։ Բոլոր զանգերի սպասարկման արդյունքում բնակչության շրջանում իջեցվել է տագնապի մակարդակը, պահպանվել է հոգեբանական կայուն վիճակը։

Հարկ է նշել, որ COVID-19 համաճարակային իրավիճակով պայմանավորված ընթացիկ տարվա մարտի 16-ից (ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու պահից) ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնում դիտվել է զանգերի քանակի կտրուկ աճ և հոգեբանական բաժինը սկսել է հոգեբանական ծառայություններ մատուցել բնակչությանը նաև հեռավար հարթակում, և նշեմ, որ այս փորձը բավականին դրական արդյունքներ է տվել:

Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am