Սահմանադրական փոփոխությունների վերջնական նախագիծը կներկայացվի հաջորդ տարի

Armenpress 13:06, 7 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը պատրաստ կլինի մինչև այս տարվա սեպտեմբեր ամիս, դրանից հետո կսկսվեն հանրային քննարկումներ, սակայն ամբողջական նախագիծը կներկայացվի հաջորդ տարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուսատամ Բադասյանը՝ պաատասխանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հարցին:

Մակունցը հիշեցրեց, որ նախարարությունը 2019-ին հայտարարել էր, թե պատրաստվում է ստեղծել աշխատանքային խումբ՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթի շուրջ աշխատելու համար: Նա հետաքրքրվեց, թե աշխատանքներն ինչ փուլում են:

Բադասյանը տեղեկացրեց, որ աշխատանքներն ընթանում են: «Հիմա աշխատում ենք հայեցակարգի մշակման վրա, որը պետք է նախնական տեսքով պատրաստ լինի մինչև սեպտեմբեր, դրանից հետո հանրային քննարկումներ սկսվեն, և արդեն հաջորդ տարի ներկայացվի սահմանադրական փոփոխությունների նախագիծն ամբողջական»,-ասաց նախարարը:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆիզիկապես նիստեր չեն անցկացնում, սակայն տեսակապի միջոցով ամեն շաբաթ ընթանում են նիստեր՝ բավականին ինտենսիվ, բոլոր ուղղություններով: Նախարարի կարծիքով՝ հիմա արդեն նշմարվում է, որ սահմանադրական փոփոխությունները բավական մեծ շրջանակ են ընդգրկելու:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am