Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծացել է ավելի քան 10 հազարով

Armenpress 14:53, 4 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մեկ օրում ավելացել է 10 հազար 581-ով՝ ընդհանուրը կազմելով 145 հազար 268:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը, ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները, տեղեկացնում է, որ ապաքինվել է ավելի քան 18 հազար մարդ, 1356 հիվանդ մահացել է:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսը հաղթահարել է և հիվանդանոցից դուրս է գրվել 1456 մարդ երկրի 68 ռեգիոնում: Վերջին մեկ օրում մահերի թիվն ավելացել է 76-ով:

 Օպերատիվ շտաբի տվյալների համաձայն՝ նոր վարակվածներից 5 հազար 352-ի դեպքում ախտանշաններ չեն եղել: Նոր դեպքերից ամենաշատը գրանցվել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մուրմանսկում, Դաղստանում:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am