Ճապոնիան արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգել է մինչև մայիսի 31-ը

Armenpress 10:32, 4 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կառավարական շտաբը մինչև մայիսի 31-ը երկարաձգում է արտակարգ դրության ռեժիմի ժամկետը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ճապոնիայի տնտեսության վերականգնման նախարար Յասուտոսի Նիսիմուրան, որը ղեկավարում է կորոնավիրուսի դեմ տարվող պայքարը:

«Փորձագիտական խորհրդում  քննարկել ենք արտակարգ դրության ռեժիմի ժամկետների հարցը: Փորձագետները համաձայնել են, որ ժամանակահատվածը պետք է երկարաձգել մինչև մայիսի 31-ը: Ինչ վերաբերում է, թե որ տարածքներում, ապա, ասեմ, որ որոշումն առնչվում է բոլոր վարչական տարածքներին»,-ասել է նա:

Վերջին օրերին, թեպետ, Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թվի կրճատում է նկատվում՝ 400-ից իջել է 200-ի, սակայն կառավարության առջև դրված խնդիրը՝ շփումները 70-80 տոկոսով կրճատելը, չի լուծվել: Եթե խոշոր քաղաքներում այդ ցուցանիշին մոտ են, ապա շրջաններում այն 30-50 տոկոս է: Վարչական տարածքների ղեկավարներն առաջարկել են ապրիլին նախատեսված ուսումնական տարվա սկիզբը տեղափոխել սեպտեմբեր:

Ճապոնիայում կորոնավիրուսիով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 14 հազար 877, մահացածներինը՝ 487: Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am