Լրատվական գործունեություն իրականացնողների համար Պետռեգիստրի տվյալներն հասանելի են անվճար

Armenpress 10:26, 30 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լրատվական գործունեություն իրականացնողների համար Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում առկա տեղեկություններն այսուհետ հասանելի կլինեն անվճար հիմունքով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Նշենք, որ նախկինում յուրաքանչյուր իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար ԶԼՄ-ները վճարում էին պետական տուրք:

Այսօրվանից ուժի մեջ է մտել նախօրեին հրապարակված ՀՀ արդարադատության նախարարի «Լրատվական գործունեություն իրականացնողների՝ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու հայտերի ձևերը հաստատելու մասին» հրամանը: Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերն այսօրվանից կարող են լրացված հայտերը՝ կից փաստաթղթերով ներկայացնել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության այս պահին գործող տարածքային սպասարկման գրասենյակներ: Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարված լինելը և Հանրապետության տարածքում տեղաշարժման իրավունքի առկա սահմանափակումները՝ տեղեկացնում ենք, որ մինչև արտակարգ դրության ավարտը նշված հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ հայտը և կից փաստաթղթերն ուղարկելով info@e-register.am էլեկտրոնային փոստի հասցեին: Հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն հայտը մուտքագրվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի համար նման հնարավորության նախատեսումը կամրապնդի հետաքննող լրագրության և մամուլի ազատության երաշխիքները, կնպաստի նրանց կողմից հանրությանն առավել ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն տրամադրելուն:

Հիշեցնենք, որ այդ բարեփոխումը բխում է Կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, իսկ դրան ուղղված օրենսդրական փաթեթն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի մատի 6-ին և ուժի մեջ մտել ապրիլի 11-ին»,- ասված է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am