Անորոշ ժամանակով կհետաձգվի վերջին զանգի արարողությունը

Armenpress 15:44, 27 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով 2019-2020 թթ․ ուսումնական տարվա ավարտին իրականացվելիք վերջին զանգի արարողությունը կհետաձգվի անորոշ ժամանակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ես գիտեմ, որ բոլոր աշակերտների կյանքում վերջին զանգի արարողությունը շատ կարևոր է, քանի որ կյանքի մի էջ փակվում է, մեկ ուրիշը՝ բացվում։ Չնայած այս ամենին, չպետք է մոռանանք, որ ունենք համավարակի տարածման խնդիր և երիտասարդների, պատանիների մոտ վարակը հիմնականում լինում է առանց ախտանշանների։ Պետք է հասկանանք, որ մեծ միջոցառումներ իրականացնելու դեպքում հնարավոր է հիվանդությունը տարածվի, և վարակվեն ընտանիքի անդամները, ովքեր կարող են ունենալ քրոնիկական հիվանդություններ»,- նշեց Հարությունյանը։

Նախարարի խոսքով՝ վերջին զանգի միջոցառումները կանցկացվեն միայն այն ժամանակ, երբ Առողջապահության նախարարությունը կհայտարարի համավարակի հաղթահարման մասին, և գործող սահմանափակումները կվերացվեն:

«Մենք միասին կորոշենք որևէ օր ու վերջին զանգի արարողությունները կիրականացնենք: Նախարարություններն ու պաշտոնյաներն էլ ձեզ հետ կմասնակցեն»,- խոստացավ ԿԳՄՍ նախարարը:

Հարությունյանն անկեղծացավ և նշեց, որ կարանտինից հետո նման միջոցառումների և ուղղակի փողոց դուրս գալու, շփվելու կարիք շատերն ունեն, հետևաբար, երբ թույլատրվի հանրային միջոցառումներ իրականացնել, կնշվի նաև վերջին զանգը:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Արտակարգ դրության օրերին Հայաստանի Հանրապետությունում փակ են բոլոր ուսումնական հաստատությունները և ուսուցումը շարունակվում է հեռավար եղանակով։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am