Հեռավար ուսուցումը կշարունակվի նաև մայիս ամսին․ Արայիկ Հարությունյան

Armenpress 14:28, 27 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության օրերին և ամբողջ մայիս ամսին առկա լսարանային դասեր չեն լինի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«2020 թվականի ուսումնական տարին կավարտվի հեռավար ուսուցմամբ, այսինքն՝ առկա լսարանային դասեր չեն լինելու։ Այս տարի ամբողջ մայիս ամսին նույնպես կշարունակվի հեռավար կրթությունը»,- նշեց Հարությունյանը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Արտակարգ դրության օրերին Հայաստանի Հանրապետությունում փակ են բոլոր ուսումնական հաստատությունները, և ուսուցումը շարունակվում է հեռավար եղանակով։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am