Սիրիայի ՀՕՊ համակարգերը ետ են մղել հարձակումները Դամասկոսի երկնքում

Armenpress 11:23, 27 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի հակաօդային պաշտպանության հաշվարկները ետ են մղել Դամասկոսի վրա հարձակումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հրաձգությունն իրականացվել է երկնքում՝ մայրաքաղաքի մերձակայքում գտնվող հատվածում:

Վերջին տվյալներով, հարձակումը «իսրայելական ագրեսիա էր, որը կատարվել է Լիբանանի օդային տարածքից»: Սիրիական ՀՕՊ համակարգերին հաջողվել է մի քանի հրթիռ խոցել:

Իսրայելցի զինվորականները պարբերաբար կրակ են բացում օբյեկտների ուղղությամբ՝ իրենց գործողությունները բացատրելով նրանով, որ չեն ցանկանում, որպեսզի թշնամու ձեռքում ժամանակակից սպառազինություն հայտնվի: Առաջին հերթին խոսքը «Հզբոլլահ» լիբանանյան շարժման մասին է, որը տարածաշրջանում աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ու ղեկավարվում է Թեհրանի կողմից:

Սիրիայի և Իսրայելի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, երկու պետության ստեղծման օրվանից նրանք պատերազմի մեջ են: Մասնավորապես, երկու պետությունն էլ հակամարտության մեջ են Գոլանյան բարձրունքների կարգավիճակի հարցի շուրջ:

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am