Իվետա Մուկուչյանն ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է «Երկար գարուն» երգի պրեմիերան

Armenpress 20:27, 24 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Իվետա Մուկուչյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ուղիղ հեռարձակմամբ երկրպագուներին է ներկայացրել  «Երկար գարուն» ստեղծագործությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհին հատուկ շնորհակալություն է հայտնել երգի երաժշտության և գործիքավորման հեղինակ Մարինե Գյուլումյանին, դուդուկահար Արտյոմ Մինասյանին, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանին և մյուս աջակիցներին:

Գերմանահայ երգչուհի, երգահան, մոդել և դերասանուհի Իվետա Մուկուչյանը ծնվել է Երևանում,  սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Համբուրգ: 2009-ին վերադարձել է Հայաստան և մասնակցել «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ 2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։ Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։

2016 թվականի մայիսին «Սիրո ալիք» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և գրավել է 7-րդ տեղը:

Անժելա Համբարձումյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am