Աշխարհն ու ողջ հայությունը հիշատակում են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը

Armenpress 01:22, 24 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված, սակայն, 2020թ. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ կլինի բոլոր այցելուների համար։ Հայության միասնական ներկայությունն անմար կրակի շուրջ այս տարի կապահովվի այլ եղանակով. քաղաքացիները Հայաստանից և Արցախից կարող են հաղորդագրություններ ուղարկել 1915 կարճ համարին և արտասահմանից՝ +37433191500 հեռախոսահամարին, իրենց անվամբ՝ հաստատելու հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուների վրա:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: 

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական կառավարությունը որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, որը Օսմանյան կայսրության մնացորդները պահպանելու նպատակ ուներ: Ըստ այդ ծրագրի քաղաքականության, պետք է ստեղծվեր մեծ Թուրքական կայսրությունը, որի սահմանները կձգվեին մինչև Չինաստան՝ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր այդ ճանապարհին բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Թուրքական այդ գաղափարի իրագործման համար հիմնական խոչընդոտը համարվում էին հայերը:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: 1915-1923թթ. ժամանակահատվածում թուրքական յաթաղանի զոհ դարձավ շուրջ 1.5 միլիոն հայ, մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, և այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաև 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

Ցեղասպանությունը մարդկանց որևէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել, որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու  համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:

Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների  բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին`Թուրքիան ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ և այլն: 

1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

ՃԱՆԱՉՈՒՄ

Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետևողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

Ստորև, ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության, ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների, նահանգային և ինքնակառավարման մարմինների ու քաղաքային խորհուրդների համառոտ ցանկը:

Խորհրդարանական որոշումներ, օրենքներ և հռչակագրեր 

Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի՝ Օսմանյան Պետության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձև - 13 փետրվարի, 2020թ. ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև - 12 դեկտեմբերի, 2019թ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձև - 30 հոկտեմբերի, 2019թ. Հանրապետության Ասամբլեայի (Պորտուգալիայի խորհրդարանի) դիրքորոշում Հայոց ցեղասպանության վերաբերյալ - 26 ապրիլի, 2019թ. Իտալիայի Պատգամավորների պալատի նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը - 10 ապրիլի, 2019թ. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագիր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին - 10 ապրիլի, 2019թ. Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի՝ Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձև - 26 ապրիլի, 2017թ. Դանիայի խորհրդարանի բանաձև - 26 հունվարի, 2017թ. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթի՝ Ֆրանսիայի Սենատի կողմից հաստատում - 14 հոկտեմբերի, 2016թ. Իսրայելի Պետության Կնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի բանաձև - 01 օգոստոսի, 2016թ. Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի բանաձև - 02 հունիսի, 2016թ. Պարագվայի Հանրապետության Սենատի բանաձև - 29 հոկտեմբերի, 2015թ. Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի բանաձև - 24 հուլիսի, 2015թ. Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի բանաձև - 29 մայիսի, 2015թ. Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, խորհրդարանի բանաձև - 6 մայիսի, 2015թ. Ռուսաստանի Դաշնություն, Պետական դումայի հայտարարություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ - 24 ապրիլի, 2015թ. Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարություն - 23 ապրիլի, 2015թ. Ավստրիայի խորհրդարանի հայտարարություն՝ իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի կապակցությամբ - 22 ապրիլի, 2015թ. Եվրոպական խորհրդարանի բանաձև` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ - 15 ապրիլի, 2015թ. Չեխիայի Հանրապետություն, Խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի բանաձև՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ - 14 ապրիլի, 2015թ. Չիլի, Պատգամավորների պալատի բանաձև - 14 ապրիլի, 2015թ. Հռոմի սրբազան քահանայապետ Ն. Ս. Ֆրանցիսկոսի հայտարարություն Վատիկանում պատարագի ժամանակ - 12 ապրիլի, 2015թ. Բոլիվիայի Սենատի և Պատգամավորների պալատի բանաձևեր - 27 նոյեմբերի, 2014թ. Շվեդիայի խորհրդարանի բանաձև - 11 մարտի, 2010թ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշում - 4 մարտի, 2010թ. ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի խորհրդարանական լիագումար նիստի որոշում - 19 նոյեմբերի 2007թ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշում - 10 հոկտեմբերի, 2007թ. Չիլի, Սենատի որոշում - 7 հուլիսի, 2007թ. Արգենտինա, օրենք - 15 հունվարի, 2007թ. Արգենտինա, Սենատի հատուկ հայտարարություն -19 ապրիլի, 2006թ. Լիտվա, Ասամբլեայի որոշում - 15 դեկտեմբերի, 2005թ. Եվրոխորհրդարանի որոշում - 28 սեպտեմբերի, 2005թ. Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշում - 14 հուլիսի, 2005թ. Գերմանիա, Խորհրդարանի որոշում - 15 հունիսի, 2005թ. Արգենտինա, Սենատի որոշում - 20 ապրիլի, 2005թ. Լեհաստան, Խորհրդարանի որոշում - 19 ապրիլի, 2005թ. Նիդերլանդներ, Խորհրդարանի որոշում - 21 դեկտեմբերի, 2004թ. Սլովակիա, Ազգային Ասամբլեայի որոշում - 30 նոյեմբերի, 2004թ. Կանադա, Համայնքների պալատի որոշում – 21 ապրիլի, 2004թ. Արգենտինա, Սենատի հռչակագիր - 31 մարտի, 2004թ. Ուրուգվայ, օրենք - 26 մարտի, 2004թ. Արգենտինա, օրինագիծ - 18 մարտի, 2004թ. Շվեյցարիա (Շվեյցարական կոնֆեդերացիա) օրենք, Ազգային խորհրդի որոշում - 16 դեկտեմբերի, 2003թ. Արգենտինա, Սենատի որոշում - 20 օգոստոսի, 2003թ. Կանադա, Սենատի որոշում - 13 հունիսի, 2002թ. Եվրոխորհրդարանի որոշում - 28 փետրվարի, 2002թ. Նորին Սուրբ Օծություն Հովհաննես Պողոս II-ի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի հռչակագիր, ՀՀ Ս. Էջմիածին - 27 սեպտեմբերի, 2001թ. Հովհաննես Պողոս II-ի աղոթք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում - 26 սեպտեմբերի, 2001թ. Ֆրանսիա, օրենք - 29 հունվարի, 2001թ. Իտալիա, Պատգամավորների պալատի որոշում - 16 նոյեմբերի, 2000թ. Եվրոխորհրդարանի որոշում - 15 նոյեմբերի, 2000թ. Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ - 7 նոյեմբերի, 2000թ. Լիբանան, Խորհրդարանի որոշում - 11 մայիսի, 2000թ. Շվեդիա, Խորհրդարանի զեկույց - 29 մարտի, 2000թ. Ֆրանսիա, Ազգային Ասամբլեա, օրինագիծ - 28 մայիսի, 1998թ. Բելգիա, Սենատի որոշում - 26 մարտի, 1998թ. Լիբանան, Պատգամավորների պալատի որոշում - 3 ապրիլ, 1997թ. ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, որոշում 3540 - 11 հունիսի, 1996թ. Հունաստան, Խորհրդարանի որոշում - 25 ապրիլ ի, 1996թ. Կանադա, Համայնքների պալատի որոշում - 23 ապրիլի, 1996թ. Ռուսաստան, Դումայի որոշում - 14 ապրիլի, 1995թ. Արգենտինա, Սենատի որոշում - 5 մայիսի,1993թ. Եվրոխորհրդարանի որոշում - 18 հունիսի, 1987թ. ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 247 - 12 սեպտեմբերի, 1984թ. Կիպրոս, Ներկայացուցիչների պալատի որոշում - 29 ապրիլի, 1982թ. Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի բանաձև - 24 օգոստոսի, 1975թ. ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 148 - 9 ապրիլի, 1975թ. Ուրուգվայ, Սենատ և Ներկայացուցիչների պալատ, որոշում - 20 ապրիլի, 1965թ. ԱՄՆ Սենատի որոշում 359 - 11 մայիսի, 1920թ. ԱՄՆ Կոնգրեսի Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի վերաբերյալ ակտ- 6 օգոստոսի, 1919թ. ԱՄՆ Սենատ, կից որոշում 12 - 9 փետրվարի, 1916թ. Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Ռուսաստան, համատեղ հռչակագիր - 24 մայիսի, 1915թ. Կազմակերպություններ  Ազգերի Անդյան միության խորհրդարանի կողմից (Բոլիվիա, Կոլումբիա, Էկվադոր, Պերու) Հայոց ցեղասպանության ճանաչում - 20 սեպտեմբերի, 2016թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, Գլխավոր քարտուղարի հայտարարություն - 24 ապրիլի, 2015թ. Էլլի Վիզլ հումանիտար կազմակերպություն - 9 ապրիլի, 2007թ. Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա, Ստամբուլի մասնաճյուղ -24 ապրիլի, 2006թ. Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի պատրաստած զեկույց TARC-ի համար -10 փետրվարի, 2003թ. YMCA-ի Եվրոպական դաշինք - 20 հուլիսի, 2002թ. Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր - 24 ապրիլի, 2001թ. Մարդու իրավունքների լիգա - 16 մայիսի, 1998թ. Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր -24 ապրիլի, 1998թ. Ցեղասպանագետների ասոցիացիա -13 հունիսի, 1997թ. Քուրդիստանի պառլամենտ Դերվեյի Վելաթ - 24 ապրիլի, 1996թ. Ամերիկայի հրեական համայնքների միություն - 7 նոյեմբերի, 1989թ. ՄԱԿ-ի` փոքրամասնությունների պաշտպանության և խտրականությունների կանխարգելման ենթահանձնաժողով - 2 հուլիսի, 1985թ. Ժողովուրդների մշտական դատարան, դատարանի որոշում -16 ապրիլի, 1984թ. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ - 10 օգոստոսի, 1983թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշում - 9 դեկտեմբեր, 1948թ. ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հանձնաժողովի զեկույց - 28, մայիսի, 1948թ. 

Լուսանկարը՝ Արթուր Հարությունյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am