Հայ ժողովուրդը հիշում եւ պահանջում է․ արեւմտահայերն իրենց վիշտը ստիպված արտահայտել են նաև թուրքերեն

Armenpress 16:20, 23 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «ՀՀ»-ի հարցազրույցը բանահավաք, բանագետ, ժողովրդագետ, ցեղասպանագետ, ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Սվազլյանի հետ է։

 

–Տիկին Սվազլյան, Ձեր գիտական գործունեության ընթացքում Հայոց ցեղասպանության փաստավավերագրման ուղղությամբ ահռելի մեծ աշխատանք եք կատարել, բազմաթիվ հուշեր եք գրառել։ Կարո՞ղ եք ներկայացնել դրանցից մի քանիսը՝ մեր թերթի միջոցով ընթերցողներին փոխանցելու համար։

–Ինչպես արդեն նշել եմ, ես դեռ 1955 թ. սկսել եմ գրի առնել ժողովրդական բանավոր ավանդույթի տարաբնույթ ստեղծագործություններ։ Այդ նշանակում է, որ կորստից փրկվել են ոչ միայն ժողովրդական մեծաքանակ հեքիաթներ, այլեւ՝ վիպական, քնարական եւ ասույթային բանահյուսության բազմազան ու բազմաբնույթ նշխարներ, որոնք լույս են ընծայվել առանձին գրքերով։ Իսկ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կորստից փրկված նյութերը մեծ դժվարությամբ եմ հայտնաբերել, քանի որ ականատես-վերապրողներին նախ պետք էր գտնել, իսկ նրանք սփռված էին Հայաստանի տարբեր շրջաններում։ Նրանցից ոմանց ես հանդիպել եմ լռակյաց, իրենց մտքերի մեջ խորասուզված, որոնք խուսափել են խոսել այդ թեմայով, սակայն կային նաեւ ականատես վերապրողներ, որոնք դժվարությամբ, բայց սկսել են պատմել իրենց հուշերը, եւ ես՝ բանագետ-ժողովրդագետին հատուկ մասնագիտական պատասխանատվության զգացումով, հավատարիմ մնալով նրանց բանավոր խոսքին, բառ առ բառ գրի եմ առել՝ գիտակցելով, որ նրանք իրենց ներանձնական, սրբասուրբ գաղտնիքներն են վստահում ինձ՝ հետագա սերունդներին փոխանցելու համար։ Հիշում եմ, զեյթունցուն արժանավայել խրոխտ կեցվածքով, բարձրահասակ, կապուտաչյա, 94-ամյա Կարապետ Թոզլյանին (ծնվ. 1903 թ.), երբ Երեւանի Նոր Զեյթուն թաղամասում առաջին անգամ հանդիպեցի նրան իր տանը։ Նա ասաց. «Աղջի՛կ, դուն ո՞ւր էիր մինչեւ հիմա, գիտե՞ս ես ինչքա՜ն եմ սպասել, որ մեկը գա եւ գրի առնի իմ հուշերը»։ Քանի որ նա գրաճանաչ չէր եւ չէր կարող գրի առնել իր մտքերը. «Ամեն օր քնանալեն առաջ աղոթքի պես մրմնջացել եմ դերզորյան իմ հուշերն ու երգերը, որպեսզի չմոռանամ»։ Հետեւաբար, նա սրբազան խանդաղատանքով եւ արցունքներով էր ինձ հաղորդում իր մտապահածները, որպեսզի «գրի առնվին, չմոռացվին եւ գալիք սերունդներն ալ սորվին»։ Մեկը մյուսից տպավորիչ ու սարսափազդու էին ականատեսների պատմածները։ Կամքի ուժ էր պետք դիմանալու համար։ Այդ առումով հիշարժան է նաեւ Երեւանի գրականության եւ արվեստի թանգարանի նախկին տնօրեն, հայտնի գրականագետ Գառնիկ Ստեփանյանի (ծնվ. 1909 թ., Երզնկա) հաղորդած հուշ-վկայությունը, մեջբերեմ միայն վերջաբանը. «…Այն, ինչ կատարվեց 1915 թ. մեր ժողովրդի, մեր գերդաստանի հետ, որը հարյուրից ավելի էր եւ հազիվ տասնհինգ հոգի ազատվեց, ահավո՜ր էր։ Իմ մոր կողմից բոլորը սպանվել են կամ ողջ-ողջ լցրել են փոսը։ Ասում են՝ հողը շարժվում էր նրանց վրա։ Եղեռնին զոհ գնացին նաեւ Ստեփանյանները, չորս հորաքույրներիս ընտանիքները։ Դա մի ամբողջ ողջակիզում էր։ Միշտ մտորում եմ, թե մենք կարո՞ղ ենք արդյոք մոռանալ, բայց մենք իրավունք չունենք մոռանալու, քանի որ մենք փոքր թիվ ենք։ Վրեժխնդրության կոչ չեմ անում, բայց ես չեմ կարող խորհուրդ տալ, որ մոռանանք։ Հայ ժողովուրդը չի կարող մոռանալ այն, ինչ տեսավ իր աչքերով։ Եվ ինչպես Ավետիս Ահարոնյանն է ասել. «Այսքա՜ն չարիք եթե մոռնան մեր որդիք, թող ողջ աշխարհը հայուն կարդա նախատինք»։ Հայոց ցեղասպանության 80-ամյա հիշատակին էր նվիրված «Մեծ եղեռն. Արեւմտահայոց բանավոր վկայություններ» (1995) աշխատությունս, որտեղ ամփոփված են կիլիկիահայ ականատես-վերապրողներից գրառված, պատմափաստագրական բնույթի, կորստից փրկված նյութերը։ 1995 թ. նաեւ հրատարակել եւ դոկտորական ատենախոսությամբ պաշտպանել եմ «Կիլիկիայի հայոց բանավոր մշակույթը» գիտական ուսումնասիրությունը։ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ, նույն ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը հետեւյալ կերպ է բնութագրել՝ ամփոփելով պաշտպանության արդյունքները. «Սվազլյանի բազմամյա բանահավաքչական ու բանագիտական աշխատանքն իր մեթոդական նոր մոտեցումներով եւ ծանրակշիռ արդյունքներով նոր խոսք է հայ բանագիտության ասպարեզում։ Նա իր բանահյուսական հարուստ ու բազմաժանր նյութերի եւ Հայոց ցեղասպանության ականատես վկաների պատմած հուշերի բնագրագիտական իմաստավորմամբ ու մանրազնին քննարկումներով իր նախադեպը չունի ընթացիկ հարյուրամյակի՝ 20-րդ դարի արեւմտահայ բանավոր ավանդության հավաքման եւ ուսումնասիրման պատմության մեջ…»։

 

–Դուք տիրապետում եք նաեւ թուրքերենին, խնդրում եմ ներկայացրեք «Մեծ եղեռնը արեւմտահայոց հուշապատումներում եւ թուրքալեզու երգերում» գրքերի բովանդակությունը։ Մեր եւ հաջորդ սերունդներին ի՞նչ խորհուրդ եք ուղղում այդ աշխատությունով։

–1995 թ., երբ Ծիծեռնակաբերդի բարձունքին հիմնադրվեց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, տնօրինության հրավերով ես սկսեցի աշխատել նաեւ այնտեղ, քանի որ ինձ տրամադրվում էր ձայնագրիչ եւ տեսագրիչ տեխնիկա, նաեւ փորձառու օպերատոր Գալուստ Հալաջյանի մասնագիտական աջակցությունը։ Թանգարան-ինստիտուտում լույս տեսան իմ «Մեծ եղեռնը արեւմտահայոց հուշապատումներում եւ թուրքալեզու երգերում» նախադեպը չունեցող բովանդակաշատ գրքերը (1997-1999, Երեւան, հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, իսկ թուրքերենը՝ 2005, Ստամբուլ)։ Քանի որ այնտեղ, բացի ականատեսների հաղորդած հուշերից նաեւ ուսումնասիրության էին ենթարկվել ավելի քան 175 միավոր թուրքալեզու քառյակները, որոնք ոչ միայն դժվարությամբ հայտնաբերել էի, այլեւ՝ չարչարանքով եւ աղաչանքով կորզել վերապրողների շուրթերից՝ շաղախված հեկեկոցներով եւ արցունքներով։ Այդ քառյակներից յուրաքանչյուրը դերզորյան տառապանքների սահմռկեցուցիչ մի տեսարան էր։ Թուրքերենի իմացությունն ինձ օգնել էր հասկանալ ու թարգմանել, նաեւ բացահայտել, որ դրանք հայերի ստեղծագործություններն են։

Իմ գրառած ժողովրդական հուշերում եւս բազմաթիվ վկայություններ կան այն մասին, որ Սիսի, Ադանայի, Տարսոնի, Այնթապի, Քյոթահիայի, Բուրսայի, Կեսարիայի, Էսքիշեհիրի եւ այլ վայրերի հայերը հիմնականում թուրքախոս էին։ Ադանացի վերապրող Միքայել Քեշիշյանի (ծնվ. 1904 թ.) վկայությամբ՝ «արդեն արգելված էր հայերեն խոսիլը եւ սորվիլը. ոչ միայն լեզուն կկտրեին, նաեւ թեւերուն տակ խաշած տաք հավկիթ կդնեին, որ խոստովանվի, թե հայերեն կսորվեցնե ուրիշներուն։ Եթե կխոստովանվեր՝ կտանեին, կկախեին կամ՝ կսպանեին»։ Այդ մասին է վկայել նաեւ իմ գրառած հայ ժողովրդական երգի պատառիկը, որը Հրազդանում հաղորդել է կոնիացի Սաթենիկ Գույումջյանը (ծնվ. 1902 թ.).

«Դպրոցը մտան, վարժուհուն բռնեցին,

Վա՜յ, աման,

Բերանը բացեցին՝ լեզուն կտրեցին,

Ա՜խ, աման»։

Վարժուհին այդ պատժին էր արժանացել, քանի որ հանդգնել էր հայ մանուկներին հայերեն սովորեցնել։ Իսկ տեղահանության ու աքսորի ճամփաներին այդ խստություններն ավելի են սաստկացել։ Հետեւաբար, արեւմտահայերն իրենց վիշտն ու տառապանքն ստիպված արտահայտել են նաեւ թուրքերեն։

Որպես ապացույց թարգմանաբար մեջբերեմ մի օրինակ.

«Դեր Զոր կոչվածն էր մի մեծ տեղավայր,

Մորթված հայերին էլ հաշիվ չկար,

Օսմանցի պետերը մսագործ դարձան.

Հայերն են զոհվում հավատքի համար»։

 

Զրուցեց Արմեն Վարդանյանը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am