Պաշտպանը Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու նոր միջնորդություն է ներկայացրել

Armenpress 15:23, 23 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոր միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոր միջնորդության համար հիմք են եղել երկրում առկա կորոնավիրուսային հիվանդության համաճարակը և  Քոչարյանի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, որ նա գտնվում է տարիքային ռիսկային խմբում:

Պաշտպանը նաև դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ ներկայացված միջնորդությունն այլ դատավորի վերամակագրելու համար:

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։ Քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը, ով մարտի 13-ից գտնվում էր արձակուրդում, ապրիլի 17-ին դուրս է եկել աշխատանքի և կրկին արձակուրդ է ձևակերպել ապրիլի 20-ից մինչև մայիսի 7-ը ։

Կարեն Խաչատրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am