Լիտվայի կառավարությունը բժշկական օգնություն կտրամադրի Հայաստանին

Armenpress 17:37, 22 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիտվայի կառավարությունը 100 հազար եվրո գումարի չափով բժշկական օգնություն կտրամադրի Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսը։

«Լիտվան շարունակում է կանգնած մնալ իր Արևելյան գործընկերների կողքին։ Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել հատկացնել 100 հազար եվրո` լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների ձեռքբերման և դրանք որպես մարդասիրական օգնություն Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային փոխանցելու նպատակով, որը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին»,- գրել է Լինկևիչիուսը։

Հայաստանում ապրիլի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1473 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 14 հազար 966 թեստ։ Ապաքինված պացիենտների թիվը 633 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 816 պացիենտ:

Նորայր Շողիկյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am