Արցախի պաշտպանության բանակն Ադրբեջանի անօդաչու թռչող սարք է խոցել

Armenpress 19:34, 21 Ապրիլ, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն ապրիլի 21-ին հավաստանշելով ադրբեջանական «ORBITER» տիպի անօդաչու թռչող սարքի մուտքը Արցախի օդային տարածք, բերվել են համապատասխան աստիճանի մարտական պատրաստականության և գրագետ գործողությունների արդյունքում՝ ժամը 13:07-ի սահմանում խոցել այն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

«Վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ: Հատկանշական է, որ նշված գործողություններում, բացի տարբեր տեսակի մարտական ինքնաթռներից և ուղղաթիռներից, ներգրավվում են նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք ի տարբերություն առաջինների, հաճախ փորձում են հետախուզական նպատակներով ներթափանցել Արցախի Հանրապետության օդային տարածք: Այդօրինակ փորձերից մեկն էլ տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 21-ին: ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական «ORBITER» տիպի անօդաչու թռչող սարքի մուտքը Արցախի օդային տարածք, բերվել են համապատասխան աստիճանի մարտական պատրաստականության և գրագետ գործողությունների արդյունքում՝ ժամը 13:07-ի սահմանում խոցել այն: ԱՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ սադրիչ քայլերից ու նաև հավաստիացնում, որ ցանկացած նախահարձակ գործողություն ստանալու է արժանի պատասխան:  Անօդաչու թռչող սարքի բեկորները կհրապարակենք ավելի ուշ»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am