Մյունխենի հայտնի գարեջրի փառատոնը 70 տարվա ընթացքում առաջին անգամ չի կայանա

Armenpress 14:02, 21 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ամենախոշոր գարեջրի փառատոնը (Oktoberfest), որը պետք է Մյունխենում կայանար սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում, դարձել է կորոնավիրուսի հերթական «զոհը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս տարվա նախատեսված փառատոնը չեղարկվում է:

«Սա զգացմունքային առումով ինձ համար դժվար պահ է, քաղաքի համար տնտեսական առումով՝ դժվար իրավիճակ»,-ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշել է Մյունխենի գործադիր մարմնի ղեկավար Դիթեր Ռեիթերը: Նշվում է, որ փառատոնն ունենում է մոտ 6 մլն այցելու: Ֆինանսական հոսքը կազմում է շուրջ 1.3 մլրդ եվրո:

Բավարիայի դաշնային երկրամասի վարչապետ Մարկուս Զյոդերը փառատոնի չեղարկումը պայմանավորել է կորոնավիրուսի տարածման վտանգով՝ հաշվի առնելով սոցիալական հեռավորությունը պահպանելու անհնարինությունը գարեջրի վրաններում, ըմպողների շրջանում:

Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 1810 թվականին ապագա թագավոր Լյուդվիգ I-ի ամուսնության առթիվ: 19-րդ դարում այս տոնը չեղարկվել է երկու անգամ՝ կապված խոլերայի հետ: Իր ավանդույթներով փառատոնը վերսկսվել է 1949 թվականին: Ներկայիս չեղարկումը դարձել է վերջին 70 տարվա մեջ առաջին անգամ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am