Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլն այս պահին մոտ 13 օր է

Armenpress 17:13, 13 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլն այս պահին դրությամբ մոտեցել է 13 օրվան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեցրեց, որ 4 օր առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրվան: Նա հետաքրքրվեց, թե վերջին 4 օրվա տեմպի դինամիկան ինչպիսին է:

«Կրկնապատկման 10-օրյա ցիկլը վերջին 4 օրերի ընթացքում փոփոխվել է, և ցուցանիշն ավելի է բարելավվել: Այս փուլում կրկնապատկման ցիկլը մոտավորապես 13 օր է: Այսինքն, եթե եղած ցուցանիշները պահպանվեն, դեպքերի կրկնապատկումը կլինի 13-օրյա ժամանակահատվածում»,-ասաց Ավինյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ապրիլի 9-ին հայտնել էր, որ Հայաստանում դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Եթե այս տեմպը պահպանվեր, ապա ապրիլի 19-ին կունենայինք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք:

Հայաստանում ապրիլի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1039 է, արձանագրվել է մահվան 14 դեպք: Կորոնավիրուսից ապաքինվել է 211 քաղաքացի։

Աննա Գրիգորյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am