Նոր տիպի կորոնավիրուսով վարակված 2 ամսական երեխայի վիճակը լավ է․ Թորոսյան

Armenpress 16:48, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր տիպի կորոնավիրուսով վարակված 2 ամսական երեխայի վիճակը լավ է․ ծանր վիճակում գտնվող այլ վարակված երեխա նույնպես չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք մշտապես ուշադիր ենք բոլոր երեխաների նկատմամբ, սակայն հատկապես այս օրերին պետք է առավել քան ուշադիր լինենք իմունային անբավարարություն ունեցող կամ քիմիաթերապիա ստացող երեխաների նկատմամբ։ Թեստավորման չափանիշներում երեխաները հատուկ տեղ ունեն։ 2 ամսական երեխայի վիճակը լավ է, հակառակ տեղեկատվություն չունեմ։ Կորոնավիրոսով վարակված դպրոցահասական երեխաների շրջանում ծանր վիճակում գտնվող անձ չկա, նրանք նույնպես լավ են», - նշեց Թորոսյանը։

Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է, արձանագրվել է մահվան 12 դեպք: Հայաստանում ապրիլի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am