Արցախում շարունակվում են կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները

Armenpress 16:07, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Ասկերանի և Հադրութի շրջաններում շարունակվում են կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ասկերանի շրջանի համայնքներում ախտահանում իրականացնելու նպատակով ձեռք բերված քլորակիրը և Արցախի առողջապահության նախարարության կողմից տրամադրված ալկոգելը բաժանվել է տեղական ինքնակառավարման մարմիններին: Ախտահանիչ նյութերի օգտագործումը ճիշտ կազմակերպելու համար շրջանի համաճարակաբանության և հիգիենայի բաժնի կողմից համայնքների ղեկավարներին տրվել է մեթոդական ուղեցույց:

«Խաչենշին» ՓԲԸ աշխատակիցները համաճարակաբանության և հիգիենայի բաժնի ախտահանողների հետ համատեղ՝ այսօր Ասկերան քաղաքի կենտրոնական պուրակում, խաղահրապարակներում և ընտրատեղամասում կատարել են ախտահանման աշխատանքներ: Շաբաթվա ընթացքում ախտահանման աշխատանքներ են կատարվել նաև շրջանի համայնքներում, հիմնարկ-ձեռնարկություններում, սննդի օբյեկտներում և արտադրամասերում:

Հադրութի շրջանում նոր տիպի կորոնավիրուսիային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում առավել ակտիվ են կամավորական աշխատանքները։

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը միացել է ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ նախաձեռնած «Առողջ Արցախ» ծրագրին, որի շրջանակներում պատրաստվում են պաշտպանիչ դիմակներ։

Կամավորական ուժերով առ այս պահը պատրաստվել է թվով 700 դիմակ, որը, ըստ անհրաժեշտության, տրամադրվել է շրջանի հիմնարկ-ձեռնարկություններին, բազմազավակ և սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքներին:

«Առողջ Արցախ» ծրագրի նախաձեռնողները տրամադրում են անհրաժեշտ նյութեր (կտոր, ռեզին, թել)՝ պաշտպանիչ դիմակներ պատրաստելու աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով։

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում․ դեպքերի թիվը հասել է 3-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am