Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 72-ամյա պացիենտ

Armenpress 11:32, 10 Ապրիլ, 2020
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահացել է 72-ամյա քաղաքացի․ նա ունեցել է նաև ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։ Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ Այս դեպքով մահացածների թիվը հասել է 11-ի: Հայաստանում ապրիլի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149:ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am