Արցախի Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 անձից փորձանմուշ է վերցվել

Armenpress 11:06, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Քաշաթաղի բուժմիավորումում այս պահի դրությամբ մեկուսացված 6 քաղաքացիներ կան, որոնցից երկուսն ունեն ջերմություն: Նրանք առնչվում են Միրիկ գյուղում արձանագրված դեպքի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։

«6 քաղաքացիներից էլ փորձանմուշ է վերցվել և ուղարկվել հետազոտության: Եվս երեք քաղաքացուց փորձանմուշ է վերցվել ավելի ուշ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Միրիկն ու հարակից համայնքները շարունակում են մնալ ինքնամեկուսացման մեջ, այնտեղ հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը որևէ ահազանգ չի ստացել:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար Արցախի տեղեկատվական շտաբը կրկին կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում․ դեպքերի թիվը հասել է 3-ի:

Կարեն Խաչատրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am