Հայտարարվել է մրցույթ Լուկաշին-Հ17 ճանապարհի վերականգնման շինարարական աշխատանքների համար

Armenpress 10:46, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը հայտարարել է մրցույթ Լուկաշին-Հ17 3,2 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի վերականգնման շինարարական աշխատանքների համար։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Ճանապարհը վերականգնվում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։

Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային անվտանգության ապահովման և այլ աշխատանքներ։ Աշխատանքները պետք է ավարտվեն 5 ամսվա ընթացքում։

Մրցույթին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:

Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են  ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։

Հայտերը պետք է ներկայացնել մինչև սույն թվականի մայիսի 14-ը՝ ժամը 11.00»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am